Հոկտեմբերի 15-ին ՈԱԱԿ-ում կայացավ հանդիպում ՀՀ հավատարմագրված բուհերի որակի պատասխանատուների, ՄԿԾ-ների ղեկավարների և դասախոսների հետ։
Օրակարգում բուհերի ՄԿԾ-ների՝ արտաքին փորձագետների ներգրավմամբ ներքին աուդիտի գործընթացն էր։ Հանդիպման նպատակն էր քննարկել, թե ինչպես է իրականացվում Հավատարմագրման հանձնաժողովի որոշման կատարումը, առկա է արդյոք ժամանակացույց, և ինչպես են բուհերն ապահովում ծրագրերի որակի շարունակական բարելավման ցիկլը։
Նշենք՝ Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ ինստիտուցիոնալ հավատարմագրում անցած բուհերի համար ՄԿԾ-ների ներքին աուդիտը պարտադիր է և պետք է իրականացվի արտաքին փորձագետների մասնակցությամբ՝ համապատասխանելով ծրագրային հավատարմագրման չափանիշներին։
Կարևորվեց, որ բոլոր բուհերի ՄԿԾ-ների գնահատման հաշվետվությունները մեկ ձևաչափով լինեն և համապատասխանեն ծրագրային հավատարմագրման չափանիշներին։ Անհրաժեշտ է, որ ներքին գնահատումը ցույց տա, որ բոլոր վերջնարդյունքներն են գնահատվել։ Գնահատման այս գործընթացը ենթադրում է, որ կրթական ծրագրերի արդյունավետությունը չափելու համար բուհերն ունեն ԳԱՑ-եր, որոնց մասին տեղեկատվություն են հավաքագրում․ այս դեպքում ԳԱՑ-ը կրթական ծրագրի վերջնարդյունքն է։
Քննարկվեց նաև, թե ինչպես կարող են բուհերն ընտրել արտաքին փորձագետներին։ Նշվեց, որ բուհերը կարող են օգտվել ՈԱԱԿ փորձագիտական բազայից, իսկ փորձագիտական խմբին ներկայացվող պահանջներից են․
- փորձառություն կրթության կազմակերպման, կառավարման, դասավանդման ոլորտում,
- ազգային և միջազգային չափանիշների իմացություն,
- գործատուների, դասախոսների և ուսանողների դիրքորոշումների ապահովում։
Կարևորվեց, որ գնահատման գործընթացում ներգրավված լինի նաև ոլորտի գործատու, ինչը միջազգային փորձ է։
Ընդգծվեց, որ ներքին գնահատման արդյունքները կդիտարկվեն մշտադիտարկման ընթացքում միջանկյալ հաշվետվությունների միջոցով, իսկ վերջնական գնահատումը կկատարվի վերահավատարմագրման ժամանակ՝ հաստատելով, որ բուհերը համապատասխանում են որակի ապահովման պահանջներին։
Առաջիկայում ՈԱԱԿ-ը կրթական ծրագրերի ներքին գնահատման գործընթացների ժամանակացույցը կքննարկի բուհերի ղեկավար կազմի հետ։