Նոյեմբերի 17-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ լավագույն փորձի ներկայացմանը նվիրված առաջին առցանց աշխատաժողովը միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մասնակցությամբ։ Աշխատաժողովին մասնակցում էին 100-ից ավելի մասնագետներ ՀՀ ՄԿՈՒ հաստատություններից։
Մինչ այս նման աշխատաժողովներ կազմակերպվում էին բուհերի համար։
Առցանց աշխատաժողովի ընթացքում ներկայացվեց գործատուի մասնակցությամբ առարկայական ծրագրի և ուսանողի գնահատման չափանիշների մշակման երկու հաջողված փորձ։
Ֆրանս-հայկական ուսումնական կենտրոնի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Ելենա Մարտիրոսյանը ներկայացրեց, թե ինչպես են ուսումնասիրել գնահատման չափանիշների մշակման և կիրառման միջազգային փորձը, ապա իրենց գործատուի հետ համագործակցությամբ մշակել ուսանողների գնահատման չափանիշների փաթեթ։ Ընդգծվեց, որ ի սկզբանե այդ չափանիշները մշակել են ավարտական քննությունների համար՝ որպես ուղեցույց ավարտական հանձնաժողովի գործատու-անդամների համար։
Նա շեշտեց, որ չափանիշները շարունակաբար բարելավվում են՝ հիմքում ունենալով գործատուների առաջարկություններն ու դիտարկումները, տարբեր մրցույթներին մասնակցության արդյունքները։ Փորձ է արվում նաև գնահատման այդ չափանիշների որոշ տարրեր կիրառել ընթացիկ դասավանդման գործընթացում։
Սևանի բազմագործառութային պետական քոլեջի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հասմիկ Մաթևոսյանը ներկայացրեց, թե ինչպես են գործատուի հետ համագործակցությամբ առարկայական ծրագիր և ուսանողներին տրվող առաջադրանքներ մշակել։
Նշվեց, որ «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության շրջանավարտին ներկայացվող որակական պահանջները, մասնագետի նկարագիրը գործատուի հետ քննարկելիս որոշակի բացեր են վերհանվել։ Արդյունքում գործատուի հետ համագործակցությամբ քոլեջը մշակել է «Թեստավորում» և «SEO ստանդարտացում վեբի համար» առարկայական ծրագրերը, սահմանել վերջնարդյունքներ և դրանց ապահովմանը միտված առաջադրանքներ մշակել։ Ընդգծվեց, որ առարկաների դասավանդումն իրականացնում են գործատուների ներկայացուցիչները։
Զեկույցներից հետո մասնակիցները հնչեցրին իրենց հուզող հարցերը, ծավալվեց մասնագիտական քննարկում։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց, որ քոլեջները նաև միմյանցից սովորելով հզորանան։ Նա քոլեջների ներկայացուցիչներին կոչ արեց իրենց հաջողված փորձերի մասին հոդվածներ գրել՝ պատրաստակամություն հայտնելով ՈԱԱԿ-ի կայքում տեղ հատկացնել նման հոդվածների համար։