Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Վանաձորի պետական բժշկական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնի ղեկավար Լիլիթ Աբելյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Մերի Սարգսյանը, ՀԱԱՀ «Պարենամթերքի տեխնոլոգիա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Էդիտա Քասինյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ տնօրենի օգնական Լիանա Ալավերդյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի առաջին օրը փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում, հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի, գործատուների, շրջանավարտների հետ: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան նաև քոլեջի ուսանողների, դասախոսների, ամբիոնների վարիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցի երրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Բուժական կասմետոլոգիա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Վանաձորի պետական բժշկական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: