Ինստիտուցիոնալ հավատարմագրման շրջանակներում ՈԱԱԿ փորձագիտական խումբն այց կիրականացնի մարտի 27–30–ն ընկած ժամանակահատվածում։
Պրովիզոր-նկարիչ Լևոն Սարգսյանի անվան բժշկական քոլեջի հավատարմագրման գործընթացի շրջանակներում ձևավորված փորձագիտական խմբի ղեկավարն է Հեղինե Գևորգյանը՝ ԵՊՀ Կենսաբանության գիտահետազոտական ինստիտուտի Մանրէաբանության, կենսաէներգետիկայի և կենսատեխնոլոգիայի լաբորատորիայի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու։ Խմբի անդամներն են՝ Լիլիթ Աբելյանը՝ Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի պատասխանատու, Լուսինե Չոբանյանը՝ Հայկական Բժշկական Ինստիտուտի Թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի դասախոս, Մարինե Նադոյանը՝ Երևանի հենակետային բժշկական քոլեջի 2-րդ կուրսի ուսանող։
Փորձագիտական խումբն առաջին օրը հանդիպումներ է ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, ինքնավերլուծության խմբի անդամների, շրջանավարտների և գործատուների հետ։
ՈԱԱԿ փորձագիտական խմբի աշխատանքները համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Ռոզա Բաբայանը։
Հաջորդ օրերի ընթացքում նախատեսված են հանդիպումներ քոլեջի ներքին և արտաքին շահակիցների հետ։
Բացի այդ՝ փորձագիտական խումբը գործընթացի շրջանակներում իրականացնելու է մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Քույրական գործ», «Ատամնատեխնիկական գործ» և «Կոսմետիկա և դիմահարդարման արվեստ» կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների և ուսանողների հետ։
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է ուսումնական հաստատության ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ: