Դեկտեմբերի 17-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Գավառի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, ասիստենտ Քանաքարա Հայրապետյանը, ՀՀ ՆԳ նախարարության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Մարինա Փոթիկյանը, Հայաստանի եվրոպական համալսարանի «Մարքեթինգ և բիզնես կառավարում» մասնագիտության ուսանող Ամալյա Ստեփանյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և մասնախմբերի ղեկավարների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Զբոսաշրջային ծառայությունների կազմակերպում՝ օտար լեզվի խորացված իմացությամբ», «Նախադպրոցական կրթություն» և «Համակարգչային գեղարվեստական նախագծում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուի, ուսանողական խորհրդի ներկայացուցիչների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: