Նոյեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Մարտունու պետական բժշկական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանում ֆրանսիական համալսարանի Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս, ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու Մարիամ Գևորգյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Արարատի պետական բժշկական քոլեջի Պրակտիկայի վարիչ, հատուկ մասնագիտական առարկաների առարկայական հանձնաժողովի նախագահ, դասախոս Գայանե Ղազարյանը, ԵՊՀ Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի ավագ լաբորանտ, կենսաբանական գիտությունների թեկնածու Հեղինե Գևորգյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Քույրական գործ» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողուհի Մարի Սերոբյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Նախնական գնահատման փուլում փորձագետներն ուսումնասիրել են հաստատության ինքնավերլուծությունը, կից փաստաթղթերի փաթեթը և ներկայացված փաստաթղթային հենքը:
Այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների և շրջանավարտների հետ։ Ինչպես նաև, փորձագիտական խումբն իրականացրել է քոլեջի ռեսուրսների դիտարկում։ Այսօր փորձագիտական խումբը իրականացրել է դասալսումներ, հանդիպումներ է ունեցել ամբիոնի վարիչների, դասախոսների և քոլեջի ներքին շահակիցների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի մյուս շահակիցների հետ:
Գործընթացի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան նաև «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» և «Քույրական գործ» մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը մատնանշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: