Մարտի 12-14-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Հյուսիսային համալսարանի քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Հայկական բժշկական ինստիտուտի Կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար, բանասիրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գոհար Մկրտչյանը, Մարտունու պետական բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Անահիտ Արշակյանը և Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանողուհի Անգելինա Տոնոյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել դասալսումներ, ռեսուրսների դիտարկում և նախնական գնահատում:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կրթական ծրագրերի պատասխանատուների, դասախոսների, ուսանողների հետ:
Մասնագիտական հանդիպում քննարկումներ տեղի կունենան «Քույրական գործ» և «Ատամնատեխնիկական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ ստորաբաժանումների ղեկավարների, որակի ապահովման պատասխանատուների, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Հյուսիային համալսարանի քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: