Հոկտեմբերի 28-30-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի մյուս անդամներն են Շիրակի պետական համալսարանի որակի ապահովման բաժնի պետ, աշխարհագրական գիտությունների թեկնածու, դոցենտ Գայանե Ավետիսյանը, Երևանի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և արվեստի պետական քոլեջի Երաժշտության ամբիոնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը և ԵԹԿՊԻ ուսանող Վովա Արզումանյանը։ Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Նախատեսված է նաև հանդիպում որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Երգեցողություն» «Երաժշտության տեսություն» և «Գործիքային կատարողական արվեստ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: