Դեկտեմբերի 10-12-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի ասիստենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Սիմոնյանը։ Խմբի անդամներն են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնի գլխավոր մասնագետ Յասաման Ավագյանը, Մխիթար Գոշ հայ-ռուսական միջազգային համալսարանի դասախոս, կենսաբանական գիտությունների թեկնածու Նաիրա Հունանյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Արևիկ Հովհաննիսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Լիանա Ալավերդյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Դեղագործություն », «Հաշվապահական հաշվառում» և «Շրջակա միջավայրի պահպանում և բնական պաշարների արդյունավետ կազմակերպում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: