Նոյեմբերի 14-17-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Երևանի հենակետային բժշկական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է Երևանի պետական համալսարանի Կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոկտոր Աննա Փոլադյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Երևանի պետական բժշկական համալսարանի Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի դասախոս Դավիթ Ղազարյանը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի պատասխանատու Լիլիթ Աբելյանը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Պարենամթերքի տեխնոլոգիա բաժնի ուսանող Էդիտա Քասինյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Նախնական գնահատման փուլում փորձագետներն ուսումնասիրել են հաստատության ինքնավերլուծությունը, կից փաստաթղթերի փաթեթը և ներկայացված փաստաթղթային հենքը: Ինչպես նաև իրականացրել են քոլեջի ռեսուրսների դիտարկում և դասալսումներ։
Այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, գործատուների և շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան նաև «Մանկաբարձական գործ», «Դեղագործություն», «Բուժական կոսմետոլոգիա» մասնագիտական կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը մատնանշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: