Հոկտեմբերի 3-6-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում կիրականացնի Երևանի N 1 տարածաշրջանային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն Քրիստինե Հակոբյանը, ՀԱԱՀ դասախոս, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարինե Հովհաննիսյանը, Երևանի Ն. Աճեմյանի անվան N 2 տարածաշրջանային պետական քոլեջի «Մենեջմենթ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Ջանիկ Ափանոսյանը:
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագիտական այցի առաջին օրը հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների և գործատուների հետ: Այցի մյուս օրերին նախատեսված են հանդիպումներ ամբիոնների վարիչների, որակի պատասխանատուի, դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների, ինչպես նաև ներքին և արտաքին այլ շահակիցների հետ: Փորձագետները քոլեջում ներկա կգտնվեն ուսանողական մոնոներկայացման, կիրականացնեն դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Տեղի կունենան մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Դերասանական արվեստ», «Ռեժիսուրա» և «Խոհարարական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Երևանի N 1 տարածաշրջանային պետական քոլեջը հավատարմագրվում է առաջին անգամ: