Դեկտեմբերի 12-15-ն ընկած ժամանակահատվածում ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում «Գրիգորիս» բժշկա-հումանիտար քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Ասյա Սիմոնյանը։ Փորձագիտական խմբի մյուս անդամներն են Գիտությունների ազգային ակադեմիայի Հր. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի Նեյրոհորմոնների կենսաքիմիայի բաժնի գիտաշխատող, կենսաբանական գիտությունների թեկնածու Աննա Սուքիասյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ Մերի Սարգսյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի «Հաշվապահական հաշվառում» բաժնի ուսանող Շուշաննա Կարապետյանը։
Փորձագիտական խմբի համակարգողն է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը։
Նախնական գնահատման փուլում փորձագետներն ուսումնասիրել են հաստատության ինքնավերլուծությունը, կից փաստաթղթերի փաթեթը և ներկայացված փաստաթղթային հենքը, ինչպես նաև իրականացրել են քոլեջի ռեսուրսների դիտարկում և դասալսումներ։
Այցի առաջին օրը հանդիպումներ տեղի ունեցան քոլեջի տնօրենի և փոխտնօրենների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ընդհանուր ժողովի, գործատուների և շրջանավարտների հետ։
Հաջորդ օրերի ընթացքում փորձագետները կշարունակեն քննարկումները քոլեջի ներքին և արտաքին մյուս շահակիցների հետ: Գործընթացի շրջանակներում մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան նաև «Ատամնատեխնիկական գործ», «Դեղագործություն» և «Մանկաբարձական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Փորձագիտական այցին հաջորդող փուլը փորձագիտական զեկույցի կազմումն է, որը նշում է քոլեջի ուժեղ և թույլ կողմերը, բովանդակում է փորձագիտական խմբի կողմից տրված խորհրդատվությունները։
ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի՝ ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով քոլեջի ներկայացուցիչների ու փորձագետների հետ: