Դեկտեմբերի 4-6-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի անդամներն են Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն, Միջին մասնագիտական ծրագրեր իրականացնող բաժնի պետ Էլեն Դավթյանը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջի կրթության որակի ապահովման պատասխանատու Արաքս Աղաջանյանը, Արարատի տարածաշրջանային պետական քոլեջի ուսանող Ինգա Հարությունյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, կառավարման խորհրդի անդամների, շրջանավարտների, դասախոսների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Տեղի կունենան հանդիպումներ նաև որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։
Մասնագիտական հանդիպում-քննարկում տեղի կունենա «Ֆիզիկական կուլտուրա և սպորտ» կրթական ծրագրի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա քոլեջը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: