Դեկտեմբերի 8-11-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Գյումրու պետական տեխնիկական քոլեջում։
Փորձագիտական խմբի ղեկավարն է ԵԹԿՊԻ պրոռեկտոր, արվեստագիտության թեկնածու, դոցենտ Արմեն Հարությունյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Փոխադրումների կազմակերպման, գյուղատնտեսության և գազասարքավորումների ամբիոնի վարիչ Աննա Հայրապետյանը, ՀՀ ԳԱԱ Մ․ Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտաշխատող Էլինա Շամխալովան, ՀՊՏՀ ուսանող Ալբերտ Թադևոսյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Մասնագիտական հանդիպում քննարկումներ են տեղի ունեցել «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)», «Երկաթուղու էլեկտրաքարշի տեխնիկակական շահագործում» և «Ավտոմոտիկան, հեռամեխանիկան և կապը տրանսպորտում (ըստ տրանսպորտի տեսակների)» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ։
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի Գյումրու պետական տեխնիկական քոլեջին հավատարմագրում շնորհելու կամ հավատարմագրումը մերժելու մասին: