Սեպտեմբերի 18-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ֆիզ. մաթ. գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը: Խմբի անդամներն են մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ էկոնոմիկային նախարարություն «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագրերի ղեկավար Նարինե Սիրականյանը, Երևանի թեթև արդյունաբերության պետական քոլեջի դասախոս Սեդա Խաչատրյանը, Հայաստանում Ֆրանսիական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Միքայել Գրիգորյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ տնօրենի օգնական Լիանա Ալավերդյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի, դասախոսների, ուսանողների, շրջանավարտների և գործատուների ներկայացուցիչների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Այսօր մասնագիտական հանդիպում-քննարկումներ են տեղի ունեցել «Նախադպրոցական կրթություն», «Սոցիալական աշխատանք», «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: Նշենք, որ 2017-ին ՈԱԱԿ-ը փորձնական փոխգնահատում է իրականացրել 6 տարածաշրջանային պետական քոլեջներում, որոնց թվում է եղել նաև Գեղարքունիքի տարածաշրջանային պետական քոլեջը: