Սեպտեմբերի 25-28-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում այց է իրականացնում Գավառի պետական բժշկական քոլեջ:
Փորձագիտական խմբի ղեկավարն է մանկավարժական գիտությունների թեկնածու, ՇՊՀ-ի սպորտի և արվեստի ամբիոնի դասախոս Ասյա Սիմոնյանը: Խմբի անդամներն են ԵՊԲՀ ֆարմակոգնոզիայի ամբիոնի դասախոս Նաիրա Արշակյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի տնօրենի՝ ուսումնական աշխատանքների գծով տեղակալ Մերի Սարգսյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի «Ատամնատեխնիկական գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Սարգսյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, գործատուների և շրջանավարտների հետ, իրականացրել դասալսումներ և ռեսուրսների դիտարկում: Հաջորդ օրերին տեղի կունենան հանդիպումներ քոլեջի դասախոսների և ուսանողների ներկայացուցիչների հետ, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Քույրական գործ», «Դեղագործություն», «Ատամնատեխնիկական գործ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Գավառի պետական բժշկական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: