Հոկտեմբերի 1-3-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով արտաքին գնահատում է իրականացնում Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի նախագահն է ֆիզ․ մաթ․ գիտությունների թեկնածու, դոցենտ Արմենուհի Սարգսյանը։ Խմբի մյուս անդամներն են Երևանի հենակետային բժշկական քոլեջի մեթոդիստ Կարինե Մնացականյանը, Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի կրթության որակի ապահովման պատասխանատու Աիդա Դաբաղյանը, Հայ-ռուսական համալսարանի ուսանողուհի Իննա Մելքոնյանը։
Գործընթացը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը։
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել էին քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Արտաքին գնահատման շրջանակներում հանդիպումներ են տեղի ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, գործատուների, կառավարման խորհրդի անդամների, դասախոսների և ամբիոնների վարիչների, ուսանողների ներկայացուցիչների հետ, իրականացվել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում։
Նախատեսված է նաև հանդիպում որակի ապահովման պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Դեղագործություն», «Ոռոգման համակարգերի մոնտաժում և շահագործում» և «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի բարելավման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին: