Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 3-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Արարատի պետական բժշկական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է մանկավարժական գիտությունների թեկնածու, ՇՊՀ-ի ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնի դասախոս Ասյա Սիմոնյանը: Խմբի անդամներն են մանկավարժական գիտությունների թեկնածու, ՀՀ էկոնոմիկային նախարարություն «Նորամուծությունների և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի ծրագրերի ղեկավար Նարինե Սիրականյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի մեթոդիստ Կարինե Մնացականյանը, Երևանի հենակետային բժշկական քոլեջի Քույրական գործ մասնագիտության 3-րդ կուրսի ուսանող Սյուզաննա Հակոբյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի ընթացքում փորձագետներն իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում, հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի, ստորաբաժանումների ղեկավարների, ամբիոնների վարիչների, դասախոսների, գործատուների, ուսանողների և շրջանավարտների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ:
Այսօր մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Քույրական գործ», «Մանկաբարձական գործ» և «Դեղագործություն» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Նախատեսված են նաև հանդիպումներ որակի պատասխանատուի, ներքին և արտաքին այլ շահակիցների հետ, այցելություն պրակտիկայի վայրեր:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Արարատի պետական բժշկական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: