Սեպտեմբերի 18-21-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման նպատակով փորձագիտական այց է իրականացնում Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է ՀԱԱՀ Որակի գնահատման և ապահովման կենտրոնի տնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Զաքարյանը: Խմբի անդամներն են Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջի Որակի ներքին ապահովման կենտրոնի ղեկավար Լիլիթ Աբելյանը, «Սանարե-ֆարմ» ՍՊԸ հաշվապահ Մարինե Գալուբյանը, Հայաստանում ֆրանսիական քոլեջի «Հաշվողական տեխնիկայի և ավտոմատացված համակարգերի ծրագրային ապահովում» բաժնի 4-րդ կուրսի ուսանող Ռոբերտ Գրիգորյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քարտուղարության մասնագետ Լիլիթ Ղազարյանը:
Մինչ այցը փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան և նախնական գնահատում իրականացրել:
Այցի առաջին օրը փորձագետներն հանդիպումներ են ունեցել քոլեջի ղեկավար կազմի և ինքնավերլուծություն իրականացրած խմբի հետ: Այցի ընթացքում հանդիպումներ տեղի կունենան դասախոսների, ուսանողների, շրջանավարտների, գործատուների ներկայացուցիչների և ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:
Գործընթացի շրջանակներում նախատեսված են մասնագիտական հանդիպում-քննարկումներ «Բանկային գործ», «Դիզայն», «Գործավարություն օտար լեզվի խորացված իմացությամբ» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: