Հոկտեմբերի 16-19-ը ՈԱԱԿ փորձագիտական խումբն ինստիտուցիոնալ հավատարմագրման գործընթացի շրջանակներում արտաքին գնահատում է իրականացնում Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում:
Փորձագիտական խմբի ղեկավարն է Հայաստանի եվրոպական համալսարանի «Ֆինանսներ և բանկային գործ» ամբիոնի վարիչ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Արմենուհի Մհերյանը: Խմբի անդամներն են Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան քոլեջի կրթության որակի պատասխանատու Հասմիկ Մխիթարյանը, Էջմիածնի Վ. Համազասպյանի անվան պետական քոլեջի դասախոս, կրթության որակի ապահովման կենտրոնի ղեկավար Մարիամ Հովհաննիսյանը, Երևանի տարածաշրջանային N 1 պետական քոլեջի «Ռեժիսուրա» մասնագիտության 2-րդ կուրսի ուսանող Նարեկ Մելիքսեթյանը:
Այցը համակարգում է ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը:
Մինչ այցը՝ նախնական գնահատման փուլում, փորձագետներն ուսումնասիրել են քոլեջի ինքնավերլուծությունը, փաստաթղթային բազան, իրականացրել են դասալսումներ և ռեսուրսների դիտարկում:
Այցի առաջին օրը փորձագետները հանդիպումներ են ունեցել քոլեջի տնօրենի, փոխտնօրենների, կառավարման խորհրդի անդամների, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, շրջանավարտների, ներքին ու արտաքին այլ շահակիցների հետ:
Մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Երգեցողություն», «Երգչախմբավարություն», «Գործիքային կատարողական արվեստ (ըստ գործիքների տեսակների)» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները զեկույց կկազմեն՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման 10 չափանիշների վերլուծելով քոլեջի գործունեությունը: Փորձագետները կմատնանշեն բարելավման ուղղությունները և համապատասխան խորհրդատվություն կմատուցեն, որի հիման վրա ՄՈՒՀ-ը կկազմի թերությունների վերացման ծրագիր հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը, ուսումնասիրելով փաստաթղթային փաթեթը և հանդիպումներ ունենալով ուսումնական հաստատության ներկայացուցիչների ու փորձագետների հետ, որոշում կկայացնի ՄՈՒՀ-ին հավատարմագրում շնորհելու (2, 4 կամ 6 տարով) կամ հավատարմագրումը մերժելու մասին:
Ա. Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջն առաջին անգամ է ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնում: