Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր տեղի ունեցավ տնօրեն Ռուբեն Թոփչյանի մամուլի ասուլիսը։ Նա ներկայացրեց կենտրոնի գործունեության մեկ տարվա արդյունքները և այն մոտեցումներն ու մեխանիզմները, որոնք ՈԱԱԿ-ն առաջարկում է մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման գործընթացների համակարգման ու հավատարմագրման իրականացման համար։
Ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին սկսելով իր գործունեությունը՝ կենտրոնը համալրվել է երիտասարդ մասնագետներով, որոնք անցած մեկ տարվա ընթացքում ինտենսիվորեն նախապատրաստվել են մեր երկրի համար այս նոր ոլորտում աշխատելու համար։ «Մենք ընտրել են հիմնականում երիտասարդ ու միջին սերնդի մասնագետների, քանի որ կարծում ենք, որ այսօր ամենաակտիվ շահառուները երիտասարդներն են, ում ապագան ուղղակիորեն կախված է կրթության որակից»,- նշեց կենտրոնի տնօրենը։
Աշխատանքային թիմի նախապատրաստմանը զուգահեռ՝ կենտրոնն ակտիվորեն զբաղվել է դաշտի ուսումնասիրությամբ։ «Ներկա վիճակի ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ մենք գործ ունենք որակի ապահովման, բարեփոխումների և նորամուծությունների, որակի ապահոմվան չափանիշների տարաբնույթ մոտեցումների ու զարգացման տարբեր աստիճաններ ունեցող ուսումնական հաստատությունների հետ։ Բացի դրանից՝ պետական բուհերն ունեին պետական նմուշի վկայական տալու իրավունք ու հավատարմագրման խնդիր չունեին։ Իսկ ոչ պետականների մեծ մասն էլ այդ իրավունքը ստացավ անժամկետ հավատարմագրումով ու կարծես շարժը կանգնեց։ Կարծում ենք, այստեղ պետք է փոխել երկու բան։ Նախ՝ հավատարմագրումը չպետք է դառնա պետական նմուշի վկայական տալ-չտալու գործընթաց, ապա՝ հավատարմագրումը պետք է սահմանափակվի որոշակի ժամկետով, որը զարգացման և շարունակական բարելավման խթան կդառնա»,- նշեց կենտրոնի տնօրենը։
Համակարգի բարեփոխումներ են սկսվել, ու խնդիրն այժմ մի շարք ուսումնական հաստատություններում արդեն սկսված որակի ապահովման ուղղությամբ շարժումն ակտիվացնելն է, գործընթացի համակարգումը։ Որակի ապահովման նոր մոտեցումների առանցքն այն է, որ մասնագիտական կրթական հաստատությունն (ՄՈՒՀ) ինքն է պատասխանատու կրթության որակի ապահովման համար։ «Կրթության որակից այսօր բոլորն են բողոքում, մենք պետք է գտնենք լուծումներ՝ հաշվի առնելով ոչ միայն մեր ներքին դաշտի պահանջները, այլև միջազգայնացման անխուսափելի անհրաժեշտությունը»,- նշեց Ռ. Թոփչյանը։ Ո՞ւմից սկսել և որո՞նք պետք է դառնան փորձության միջով անցնող առաջին մուհերը։ Այս և բազմաթիվ այլ հարցերի լուծումը ՈԱԱԿ-ը տեսնում է անցումային ժամանակաշրջանի սահմանման միջոցով, որը հնարավորություն կտա թե´ պետական, թե´ ոչ պետական մուհերի ներգրավմամբ, համատեղ աշխատել ու հաղթահարել առակա հիմնախնդիրները։ Մասնավորապես, մասնագիտական կրթական ծրագրերը նկարագրել ուսումնառության արդյունքներով (գիտելիք, կարողություն, հմտություն), որպեսզի առաջին հերթին կրթության գլխավոր շահառուների՝ ուսանողների համար կրթական գործընթացները՝ գնահատումից սկսած, լինեն հասկանալի ու թափանցիկ։ Համադրական վերլուծության միջոցով հստակեցնել պետական կրթական չափորոշիչները՝ նվազագույն ու համեմատության համար ընդունելի չափանիշ վերցնելով աշխարհում արդեն փորձարկված և իրենց գործունակությունն ապացուցած չափորոշիչները։ «Արդեն մշակվում է Որակավորումների ազգային շրջանակ ու այժմ լայն քննարկումներ են ընթանում դրա շուրջ։ Այն ողջ համակարգը կառուցելու հիմքն է։ Հուսանք՝ շուտով կունենանք այս փաստաթուղթը և վերջապես հստակ կհասկանանք, թե ո՞վ է բակալավրը և ո՞վ մագիստրոսը։ Սա շատ կարևոր հարց է, որի հիման վրա էլ ուսումնառության արդյունքներով կմշակվեն կրթական չափորոշիչները, ինչը շրջանավարտներին հնարավորություն կտա տեղ գտնել տեղի ու արտերկրի աշխատաշուկայում»,- ասաց Ռ. Թոփչյանը։
ՈԱԱԿ փորձագետների օգնությամբ, որոշակի նախապատրաստական աշխատանքներ իրականացնելուց հետո, կենտրոնի տնօրենի խոսքով, արդեն 2012 թվականից մուհերում կարելի է սկսել իրականացնել որոշակի գործընթացներ՝ կրթական ծրագրերի ատեստավորում, ենթակառուցվածքային փորձաքննություն։ Այն մուհերում, որոնք հաջողություններ կգրանցեն, 2013 թվականից կարելի է սկսել նաև կրթական ծրագրերի հավատարմագրումը։ «Իսկ մինչ այդ, ուսանողներին հարվածի տակ չդնելու համար առաջարկում ենք պետական ուսումնական հաստատությունների ու ոչ պետականների բոլոր հավատարմագրված կրթական ծրագրերին տալ ժամանակավոր հավատարմագրվածի կարգավիճակ և գրանցել նոր ստեղծվելիք պետական գրանցամատյանում՝ ռեգիստրում։ Այս ընթացքում, մինչ նոր հավատարմագրումը, ատեստավորման միջոցով կհետևենք նրանց որակին ու եթե չապահովեն ակնկալվող արդյունք, կարող են զրկվել հավատարմագրից։ Իսկ 2012-ին ատեստավորումը և հետո էլ ժամանակավոր շրջանի մյուս փուլերն անցնելու դեպքում նրանք կարձանագրեն նոր որակ ու կշարունակեն գործունեությունը՝ հավատարմագրվածի կարգավիճակով»,- ասաց Ռ. Թոփչյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ հավատարմագրման նոր մոտեցումները և մեխանիզմները փորձարկելու նպատակով պետական 2 (ՀՊՄՀ, Գավառի ՊՀ), ոչ պետական 3 (Հայբուսակ, Հյուսիսային և Գլաձոր համալսարաններ) բուհում և 2 քոլեջում մարտի 26-ից իրականացվում է փորձնական ծրագիր։
Պատասխանելով լրագրողների հարցին, թե ի՞նչ կլինի այն բուհերի հետ, որոնք չեն ստանա հավատարմագիր, կենտրոնի տնօրենը նշեց. «Օրենքով պարտադիր հավատարմագրման ենթակա մուհերի և մասնագիտությունների դեպքում՝ ինչպիսիք են նաև պետական բուհերը, դա ենթադրում է ընդունելության դադարեցում՝ մինչ առկա խնդիրների լուծումը։ Իսկ ոչ պետական բուհերի՝ պարտադիր հավատարմագրում չպահանջող մասնագիտությունների դեպքում գործունեությունը կարող է շարունակվել. դա արդեն հիմնադրի խնդիրն է և ուսանողի ընտրությունը»։