Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) այսօր տեղի ունեցավ հանդիպում 20 պետական քոլեջների ներկայացուցիչների հետ: Նրանցից 12-ն առաջին անգամ են ինստիտուցիոնալ հավատարմագրում անցնելու, ևս 8-ը վերահավատարմագրման փուլում են։
Հավատարմագրվող քոլեջներն ընտրվում են ԿԳՄՍՆ հետ համագործակցությամբ՝ հաշվի առնելով ոլորտային առանձնահատկությունները. քոլեջների ինստիտուցիոնալ հավատարմագրումն իրականացվում է պետական ֆինանսավորմամբ:
Հանդիպման ընթացքում ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրին հավատարմագրման գործընթացը, փուլերը և դրանց առանձնահատկությունները, հստակեցվեցին փուլերից յուրաքանչյուրի ժամկետները:
Կարևորվեց ինստիտուցիոնալ էլեկտրոնային հարցաշարի լրացումը, որը հիմք կդառնա թե’ ինքնավերլուծության համար, թե’ տվյալներ կապահովի փորձագիտական խմբին գնահատման գործընթացում: Ընդգծվեց, որ քոլեջները ինքնավերլուծության մեջ առավելագույնս ազնիվ լինեն, ներկայացնեն օբյեկտիվ պատկերը. դա կապահովի արտաքին գնահատման արդյունավետությունը և փորձագիտական խորհրդատվությունների թիրախային բնույթը:
ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի մասնագետ Անահիտ Տերտերյանը ներկայացրեց ՄԿՈՒ հաստատությունների հավատարմագրման ՈԱԱԿ քաղաքականությունը: Կարևորվեց, որ
- Ինքնավերլուծության մեջ հավատարմագրման բոլոր չափանիշների համատեքստում ներկայացվի, թե քոլեջն ինչպես է համագործակցում գործատուների հետ և ինչ արդյունքներ ունի:
- Վերահավատարմագրվող քոլեջները ինքնավերլուծությունում ներկայացնեն բարելավման ծրագրի արդյունքում արձանագրված ձեռքբերումները և դեռևս առկա մարտահրավերները:
- Եթե քոլեջն իրականացնում է և նախնական, և միջին մասնագիտական կրթություն, արտաքին գնահատման կարող է ներկայացնել մեկ նախնական և մեկ միջին մասնագիտական կրթական ծրագիր:
- Գնահատվող ՄԿԾ-ներից մեկը կարող է լինել նաև նոր ներդրված, քանի որ փորձագիտական խումբը դիտարկում է ծրագրերի կառավարումը:
Հավատարմագրմանն ընդառաջ՝ ՈԱԱԿ-ն անվճար հիմունքներով կիրականացնի վերապատրաստումներ քոլեջների չորսական աշխատակիցների համար՝ նվիրված ինքնավերլուծության իրականացմանը և ինստիտուցիոնալ հարցաշարի լրացմանը: Վերապատրաստման հնարավորություն կընձեռվի նաև քոլեջների աշխատակիցներին և ուսանողներին՝ փորձագետների և ուսանող-փորձագետների բազայում ընդգրկվելու նպատակով:
Վերահավատարմագրվելու են Շիրակի տարածաշրջանային պետական քոլեջը, Կոտայքի տարածաշրջանային պետական քոլեջը, Լոռու տարածաշրջանային պետական քոլեջը, Ստեփանավանի պետական գյուղատնտեսական քոլեջը, Աբովյանի էներգետիկական պետական քոլեջը, Գավառի պետական գյուղատնտեսական քոլեջը, Վայոց ձորի տարածաշրջանային պետական քոլեջը, Գորիսի պրոֆեսոր Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը:
Առաջին անգամ հավատարմագրվելու են Երևանի պետական տեխնոլոգիական քոլեջը, Երևանի Ռ. Մելիքյանի անվան պետական երաժշտական քոլեջը, Երևանի մշակույթի և արվեստի պետական քոլեջը, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջը, Գյումրու պետական տեխնիկական քոլեջը, Գյումրու օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջը, Ալավերդու պետական քոլեջը, Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջը, Կապանի պետական բժշկական քոլեջը, Բերդի բազմագործառութային պետական քոլեջը, Արմավիրի տարածաշրջանային պետական քոլեջը, Ավիաուսումնական կենտրոնը: