Մարտի 7-ին Երևանի պետական համալսարանի, Երևանի պետական բժշկական համալսարանի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորներին հանդիսավոր կերպով հանձնվեցին հավատարմագրման վկայականները:
Փետրվարի 21-ին ՈԱԱԿ հավատարմագրման հանձնաժողովը 3 բուհերի հավատարմագրման վերաբերյալ որոշում էր կայացրել` ԵՊՀ-ին շնորհելով 6, իսկ ԵՊԲՀ-ին և ՀԱՊՀ-ին 4 տարով հավատարմագրում:
Ըստ սահմանված կարգի` ՈԱԱԿ-ը հավատարմագրման հանձնաժողովի որոշումները ներկայացրել էր ԿԳՆ, իսկ նախարարի կողմից հաստատվելուց հետո համապատասխան գրառում է կատարվել բուհերի հավատարմագրման գրանցամատյանում և հավատարմագրման վկայականները հանձնվել են բուհերին:
Հավատարմագրման կարգի համաձայն` հավատարմագրում ստացած բուհերը երկու տարին մեկ պարբերականությամբ պետք է նաև ինստիտուցիոնալ ներքին գնահատում իրականացնեն և արդյունքները ներկայացնեն ՈԱԱԿ:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: