Հունիսի 19-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Շուշիի տեխնոլոգիական, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանների և Երևանի պետական կոնսերվատորիայի ինստիտուցիոնալ հավատարմագրումներն էին։
Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատության ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական հաստատությունների բարելավման ծրագրերը։
Հավատարմագրման հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանին և Երևանի պետական կոնսերվատորիային շնորհվեց ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարի ժամկետով, իսկ Շուշիի տեխնոլոգիական համալսարանին՝ պայմանական հավատարմագրում 2 տարի ժամկետով: