Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) հավատարմագրման հանձնաժողովի կողմից Խ․ Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանին (ՀՊՄՀ) 4 տարի ժամկետով ինստիտուցիոնալ հավատարմագրում շնորհելու որոշում է կայացվել։ Որոշմանը նախորդել են բուհի արտաքին գնահատման արդյունքների տևական քննարկումներ։
Նիստի մեկնարկին բուհում փորձաքննություն իրականացրած փորձագիտական խմբի ղեկավար Քրիստինե Սողիկյանն ամփոփ ներկայացրեց փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, նախորդ հավատարմագրման ժամանակ հաստատված բարելավման պլանի իրագործման արդյունքները։ Փորձագիտական խմբի ղեկավարը նշեց, որ բուհը միայն մասամբ է իրագործել իր բարելավման ծրագիրը, բացի այդ, փորձագետների ոչ բոլոր առաջարկություններն է, որ ընդգրկել է թերությունների վերացման նոր ծրագրում։
Փորձագիտական խումբը բացասական էր գնահատել բուհի գործունեությունը կառավարման, կրթական ծրագրերի, որակի ապահովման և հետազոտության ոլորտներում։
Հանձնաժողովի անդամների կարծիքները տարբեր էին, և միայն երկրորդ նիստից հետո հնարավոր եղավ որոշում կայացնել: Ձայների մեծամասնությամբ որոշում կայացվեց բուհին ևս մեկ հնարավորություն տալ՝ շնորհելով հավատարմագրում 4 տարի ժամկետով։
Նշենք, որ ՀՊՄՀ-ն 2015-ին էլ էր ստացել ինստիտուցիոնալ հավատարմագրում 4 տարով։