Մասնագիտական ուսումնական հաստատությունների 25 աշխատակիցներ հավաստագրեր ստացան՝ համալրելով որակի ապահովման աջակիցների շարքերը:
Այսօր մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման բաժնի ղեկավար Անուշավան Մակարյանը և Հիմնադրամի շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը հանդիսավոր կերպով հավաստագրեր հանձնեցին «Որակի ապահովման համակարգերի ներդրում և զարգացում» թեմայով դասընթացը հաջողությամբ ավարտած մասնագետներին:
Հավաստագրեր շնորհվեցին ՀՀ Պետական կառավարման ակադեմիայի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի, ԳԱԱ գիտակարթական միջազգային կենտրոնի, Հյուսիսային, Երևանի պետական, Երևանի մենեջմենթի, Երևանի Սուրբ Թերեզայի անվան և Երևանի մշակույթի համալսարանների, ինչպես նաև Երևանի պետական տեխնոլոգիական, Երևանի թեթև արդյունաբերության պետական, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական, Երևանի պետական հենակետային բժշկական, Վանաձորի պետական գյուղատնտեսական, Վանաձորի պետական համալսարանի, Ալավերդու պետական, Դիլիջանի արվեստի պետական, Ոստիկանության կրթահամալիր քոլեջների մասնագետներին:
Այնուհետև դասընթացի շրջանավարտները ներկայացրեցին, թե վերապատրաստմանը հաջորդած երկու ամիսների ընթացքում ինչ գործունեություն են ծավալել իրենց ուսումնական հաստատությունում, ինչպես են կիրառել նոր գիտելիքները, ինչ ձեռքբերումներ և խնդիրներ կան:
ՈԱԱԿ շահակիցների հետ կապերի պատասխանատու Լիլիթ Զաքարյանը հերթական անգամ բարձրաձայնեց, որ ՈԱԱԿ-ը պատրաստ է աջակցել և խորհրդատվություն մատուցել ՄՈՒՀ-երին հարցերի և խնդիրների դեպքում: Նա նաև նշեց, որ որոշ ժամանակ անց այց կկատարվի այդ ուսումնական հաստատություններ՝ տեղում ծանոթանալու որակի ապահովման գործընթացներին: