Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Ըստ հաստատված օրակարգի քննարկվել են հիմնադրամի 2011 թ. տարեկան գործունեության և ֆինանսական հաշվետվությունները: ՈԱԱԿ-ի հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը զեկուցել է հաշվետու տարում կատարված աշխատանքների մասին: Մանրամասներ են ներկայացվել կառույցի որակի ներքին և արտաքին ապահովման համակարգերի մշակման ուղղությամբ իրականացված քայլերի, ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման փորձնական ծրագրերի և միջազգային համագործակցության արդյունքների վերաբերյալ: Նա տեղեկացրել է, որ հիմնադրամն ստացել է Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախնական անդամակցության կարգավիճակ, ինչպես նաև դարձել է Որակի ապահովման գործակալությունների միջազգային ցանցի կառավարման խորհրդի անդամ:
Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ներկայացված հաշվետվությունները:
Ըստ gov.am-ի