Բուհերի ծրագրային հավատարմագրմանն ընդառաջ հոկտեմբերի 31-ին ՈԱԱԿ նախաձեռնությամբ տեղի ունեցավ «ՄԿԾ բարելավում. լավագույն փորձի ներկայացում» երրորդ առցանց աշխատաժողովը, որի ընթացքում կրթական ծրագրերի բարելավման իրենց փորձառությունը ներկայացրին Երևանի պետական կոնսերվատորիայի (ԵՊԿ) և Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ներկայացուցիչները։
ԵՊԿ «Կատարողական արվեստ (երաժշտական) մասնագիտության կրթական ծրագրի առանձնահատկությունները» թեմայով զեկուցման առանցքում էին․
- դասավանդման դեմառդեմ մեթոդը, որի պարագայում դասախոսը և ուսանողը միասին աշխատում են երաժշտական գործիքի վրա,
- ուսանողների՝ մասնագիտացման դասախոսին ընտրելու ազատությունը,
- դասախոսների ստեղծագործական հաջողությունների ազդեցությունը ուսանողների մասնագիտական մոտիվացիայի հիմքում,
- ուսանողների մասնակցությունը ՄԿԾ-ների բարելավմանը և գնահատման սանդղակների մշակմանը,
- հետազոտական բաղադրիչի շեշտադրումը ուսանողներին տրվող հանձնարարականներում,
- կրթական ծրագրերի բենչմարքինգի իրականացման կարևորությունը աշխատաշուկային պատրաստ շրջանավարտներ թողարկելու համար:
«ՄԿԾ-ների բարելավման գործընթացները ՇՊՀ-ում․ վերջնարդյունքներից՝ դասընթացի հանձնարարականներ «Կենսաբանություն» կրթական ծրագրի օրինակով» զեկույցի ընթացքում բուհի ներկայացուցիչներն անդրադարձան ինստիտուցիոնալ հավատարմագրման արդյունքում ստացած կրթական ծրագրերին առնչվող խորհրդատվություններին և աշխատաշուկայի կարիքների ուսումնասիրման հենքով իրականացված բարեփոխումներին։
Պրակտիկաների, ամփոփիչ ատեստավորման հանձնաժողովների հաշվետվությունների քննարկումների ու վերլուծությունների արդյունքում բուհի կողմից․
- մշակվել են ՄԿԾ-ների վերջնարդյունքների ձեռքբերումը հավաստող գործիքներ,
- ստեղծվել է ձևավորող և միավորային գնահատման առաջադրանքների բանկ,
- մշակվել են գնահատման սանդղակներ՝ ապահովելու գնահատման օբյեկտիվությունը և անաչառությունը,
- մասնագիտական կարողությունների հզորացման նպատակով փոփոխվել է գործնական և տեսական բաղադրիչների հարաբերակցությունը,
- վերանայվել է առարկայացանկը, և ներմուծվել են առարկաներ, որոնք կոչված են մասնագիտական մտածողության ձևավորմանը և զարգացմանը:
Անդրադառնալով ՄԿԾ-ների և դասընթացների վերջնարդյունքների համահնչեցմանը՝ ՇՊՀ ներկայացուցիչների կողմից շեշտադրվեց ուսուցչին ապագա աշխատաշուկայում խնդիր լուծելուն պատրաստելու կարևորությունը և քննադական մտածողության ձևավորումը դասագրքերը կիրառելու նպատակով։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը, կարևորելով ՄԿԾ-ների բարեփոխումները, նշեց. «Փորձ է արվում չափել ուսանողի ռեալ աշխատանքը, և կրեդիտը դարձնել ավելի արժանահավատ: Այստեղ հանձնարարությունները դառնում են ավելի չափելի, և հասկանալի է, թե որքան է ուսանողն աշխատելու տանը»:
Միջոցառման ավարտին մասնակիցները կարևորեցին, որ նմանատիպ միջոցառումները լինեն շարունակական՝ շեշտելով, որ ՈԱԱԿ-ը բուհերի համար համագործակցության և փորձի փոխանակման արդյունավետ հարթակ է։
Ռուբեն Թոփչյանը շեշտադրեց, որ ՈԱԱԿ-ի նպատակը նորարարությունը վերհանելը և տարածելն է․ «Մեր երկրում կարևոր է հաստատությունների ղեկավարների դերը նորարարությունը խթանելու հարցում։ Համալսարաններում միշտ պետք է նորարարություն լինի: Շարունակ պետք է փորձել նոր ձևերով հասնել սահմանված նպատակին: Ազատությունը պետք է մեծ լինի, իսկ ստուգումը՝ խիստ: Եվ այստեղ մեծ անելիք ունեն որակի ապահովման կենտրոնները»: