Կարևորելով ինստիտուցիոնալ հավատարմագրումից հետո հաստատություններում կրթական ծրագրերի շարունակական լավարկումը՝ սեպտեմբերի 16–ին ՈԱԱԿ-ը մշտադիտարկման այց իրականացրեց Ավանդական բժշկության համալսարան։
Նախատեսված էին հանդիպումներ ուսումնական հաստատության ռեկտորի և պրոռեկտորների, Կրթության որակի ապահովման, ինչպես նաև «Բուժական գործ» կրթական ծրագրի պատասխանատուի, դասախոսների և ուսանողների հետ։
Մշտադիտարկման ընթացքում քննարկվեցին կրթական ծրագրերի վերջնարդյունքների ձևավորմանն ուղղված գործընթացները, գնահատման համակարգի բարեփոխման նպատակով բուհի նախաձեռնած քայլերը և պրակտիկ մասնագետների պատրաստման ընթացքը։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը կարևորեց ուսանողներին տրվող հանձնարարականների դերը բժշկական մտածելակերպի ձևավորման համար, շրջանավարտների մասնագիտական հետագծի ուսումնասիրումը և ըստ դրա կրթական ծրագրերում փոփոխությունների իրականացումը։
Հանդիպում-քննարկումների ընթացքում հաստատության ներկայացուցիչները նշեցին հավատարմագրման դրական ազդեցության մասին տարբեր տիրույթներում բարելավումներ իրականացնելու, մասնավորապես՝ կրթական ծրագրերի վերջնարդյունքներն առավել չափելի դարձնելու, հանձնարարական-վերջնարդյունք-գնահատում-բարելավում շղթան կառուցելու ուղղությամբ։ Հիշեցնենք՝ Ավանդական բժշկական համալսարանը հավատարմագրվել է 2021թ․ պայմանական 2 տարի ժամկետով։
Նշենք, որ ՈԱԱԿ–ի կողմից իրականացվող մշտադիտարկումները կրում են պարբերական բնույթ և օգնում են ուսումնական հաստատություններին վեր հանել լավագույն փորձն ու առկա մարտահրավերները շահակիցների հետ երկխոսության և մասնագիտական քննարկումների միջոցով։