«Որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը հունվարի 12-ին հանդիպեց Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ռեկտորի, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և որակի պատասխանատուների հետ: Հանդիպման նպատակն էր բուհին ծանոթացնել որակի ներքին ապահովման մոտեցումներին և օգնել համալսարանին առավել հստակ պատկերացնել հավատարմագրման գործընթացները:
Ինստիտուտի ռեկտորը ներկայացրեց իրենց բուհի ներկա վիճակը, կատարված աշխատանքները և հետագա անելիքները: Նշվեցին մի շարք բարեփոխումներ, որ իրականացվել են բուհում` էլեկտրոնային գրադարանի ստեղծում (արդեն կա մոտ երեք հարյուր թվայնացված գիրք), լսարանների կահավորում անհրաժեշտ տեխնիկայով, մի շարք հետազոտական աշխատանքների իրականացում (դպրոցներում իրականացվել է ֆիզկուլտուրա առարկայի հետ կապված հետազոտություն`պարզելու աշակերտների մասնակցության աստիճանը), հոգեբանների ներգրավում մարզիկներին աջակցություն ցույց տալու հարցում և այլն:
Հիմնադրամի տնօրենն անդրադարձավ որակի ներքին ապահովման մոտեցումներին, ուսումնառության ակնկալվող արդյունքներին և որակի ապահովման մեխանիզմների արդյունավետ կառուցման հիմնախնդրին: Ռ. Թոփչյանը, որպես հիմնական ուղերձներ` որակի ապահովման գործընթացները ինստիտուտում արդյունավետ իրականացնելու գործընթացում, նշեց հետևյալը.
- Ինստիտուտը պետք է ի վիճակի լինի կատարելու խորքային վերլուծություններ, որպեսզի կարողանա ճշգրիտ ստանալ իր հաստատության իրական պատկերը` հստակ կառավարելու հաստատության զարգացումները:
- Գիտությունը և հետազոտությունը պետք է հասանելի լինեն ուսանողին: Այսպես, ուսանողին հնարավորություն պետք է ընձեռվի մասնակցելու հետազոտություններին, իսկ հետազոտություններն իրենց հերթին պետք է լինեն հանրամատչելի:
- Հաստատության համար շատ կարևոր է պլանավորել յուրաքանչյուր գործընթացի իրականացման քայլերը, որպեսզի հնարավորություն լինի այնուհետև ստուգելու, գնահատելու կատարված քայլերի արդյունավետությունը:
- Ինստիտուտը պետք է կարողանա հետադարձ կապի այնպիսի մեխանիզմներ մշակել, որ հնարավորություն ընձեռվի բացահայտելու հաստատության իրական խնդիրները և պլանավորելու բարելավումը:
Փաստենք, որ աշխատանքային քննարկման մասնակիցները բավական շահագրգիռ էին որակի ապահովման խնդիրներով և պատրաստակամ` վերցնելու պատասխանատվություն հաստատությունում կրթության որակը բարձրացնելու և այն հանրությանը մատչելի դարձնելու գործում:
Որպես հանդիպման վերջնարդյունք` նշենք, որ ծավալված քննարկումներն առավել հստակեցրին ՈԱԱԿ-ի մոտեցումները և ինստիտուտի անելիքները որակի ապահովման հարցում: