ՈԱԱԿ-ում կազմակերպված աշխատանքային հանդիպման նպատակը Հայաստանի երկու բուհում` Երևանի պետական ճարտարապետաշինարարական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում իրականացվելիք ենթակառուցվածքային (ընդհանրական) փորձաքննության և ծրագրային հավատարմագրման փորձարկումների ժամանակացույցի հաստատումն էր: Այս փորձաքննություններով ստուգվելու են բուհերի որակի կառավարումը և մասնագետների պատրաստման որակը: Հանդիպմանը հրավիրված էին բուհերի կրթության որակի պատասխանատուները: Բուհերն ՈԱԱԿ-ի հետ համագործակցության փորձ ունեին, քանի որ արդեն մասնակցել էին ՈԱԱԿ-ի նախորդ փորձարկումներին:
Բուհերի որակի պատասխանատուները ներկայացրին գործողությունների ժամանակցույցին առնչվող իրենց մոտեցումները` խնդրելով այն երկարաձգել մեկ ամսով, ամառային արձակուրդների պատճառաբանությամբ: ՈԱԱԿ տնօրենն ընդառաջեց գործընկերներին:
Այսպիով` կրթության որակի հարցում շահագրգիռ Երևանի պետական ճարտարապետաշինարարական և Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարաններում փորձաքննությունները սկսված են: Բուհերի ներքին որակի ապահովման պատասխանատուներն արդեն իսկ սկսել են իրենց բուհի որակի կառավարման ինքնավերլուծությունը, ինչը կավարտեն սեպտեմբերին և հոկտեմբերի սկզբին կներկայացնեն ՈԱԱԿ-ի փորձագետներին: Ժամանակացույցի համաձայն բուհերում իրականացվող փորձաքննությունները կավարտվեն 2012-ի հունվարին: