Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում այսօր հանդիպում տեղի ունեցավ Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի երիտասարդ դասախոսների հետ: Քննարկումը վարում էր ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը:
2017-ի փետրվարի 20-24-ին կայանալիք Որակի շաբաթվա միջոցառումների շրջանակում նախատեսվում է թեմատիկ աշխատաժողովի միջոցով անդրադարձ կատարել նաև երիտասարդ դասախոսների խնդիրներին: Եվ ընթացիկ հանդիպման նպատակն էր երիտասարդ դասախոսների հետ քննարկել նրանց հուզող և արդիական խնդիրները՝ աշխատաժողովի ընթացքում դրանց վրա ուշադրություն հրավիրելու և լուծման ուղիներ որոնելու նպատակով:
Երիտասարդ դասախոսները, ի թիվս մի շարք խնդիրների, կարևորեցին հատկապես մասնագիտական դասաժամերի անբավարարության խնդիրը: Անդրադարձ կատարվեց նաև դասախոս ուսանող շփումներին՝ լսարանում և լսարանից դուրս՝ ժամանակակից մեթոդների կիրառմամբ, ուսումնական հաստատություններում տեղի ունեցող փոփոխություններին և դասախոսների ներգրավվածությանը դրանցում:
Քննարկման մասնակից երիտասարդ դասախոսները պատրաստակամություն հայտնեցին շարունակել քննարկումները՝ աշխատաժողովի համար արդիական ու բոլորին առնչվող թեմաների դուրսբերման նպատակով:
Առաջիկայում հանդիպումներ տեղի կունենան նաև այլ բուհերի երիտասարդ դասախոսների հետ: