Ապրիլի 12-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ ՄԿՈՒ հաստատությունների որակի ապահովման պատասխանատուների հետ հերթական հանդիպումը։
Հանդիպման նպատակն էր միավորել արդեն իսկ հավատարմագրված և հավատարմագրմանը նախապատրաստվող ուսումնական հաստատություններին՝ նպաստելով նրանց փորձի փոխանակմանը և եղած լավագույն փորձերի բացահայտմանը։
Որակի ապահովման պատասխանատուների առաջարկով քննարկվեց հետազոտության և միջազգայնացման գործընթացների իրականացման հիմնական մարտահրավերները և հնարավորությունները ՄԿՈՒ հաստատություններում։
Հետազոտությունների իրականացումը ուսանողների համար կարևոր է նորը բացահայտելու, փոփոխություններ իրականացնելու և մասնագիտական խնդիրներ լուծելու կարողություն ձևավորելու տեսանկյունից։ Հետազոտական կարողություններ պետք է ունենան բոլոր ուսանողները, որը ենթադրում է, որ նման կարողություններ զարգացնող առաջադրանքներ պետք է ներառված լինեն բոլոր կրթական ծրագրերում։
ՈԱԱԿ-ի հիմական դիտարկումներից էր նաև այն, որ այսօր ՄԿՈՒ հաստատություններն ունեն հնարավորություն ապահովելու «միջազգայնացում տանը», որի համար կարևոր է օտար լեզվի իմացությունը և նորը բացահայտելու ցանկությունը։
Այս համատեքստերում ՄԿՈՒ հաստատությունները կիսվեցին իրենց լավ փորձերով և ունեցած արդյունքներով։
ՈԱԱԿ տնօրեն Ռ․ Թոփչյանը հանդիպումն ավարտեց այն շեշտադրմամբ, որ Հավատարմագրման գործընթացի նպատակը միայն հավատարմագրվածի կարգավիճակ ստանալը չէ, այլ առավել մտածող և վերլուծող կառույց դառնալն է։
Մինչև 2025 թվականը ՀՀ բոլոր ՄԿՈՒ հաստատությունները պետք է լինեն հավատարմագրված։ Այս տարի պետական ֆինանսավորմամբ նախատեսված է իրականացնել 15 ՄԿՈՒ հաստատության ինստիտուցիոնալ հավատարմագրում։