Ընթացիկ տարում նախատեսված կրթության որակի ապահովման գործընթացները, ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքները և հավատարմագրման երկրորդ շրջափուլի հետ կապված խնդիրներն էին բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ հանդիպման օրակարգում։
Փետրվարի 6-ին Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնում (ՈԱԱԿ) տեղի ունեցավ հանդիպում ինստիտուցիոնալ հավատարմագրում ունեցող բուհերի, իսկ փետրվարի 7-ին՝ ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերի որակի ապահովման պատասխանատուների հետ։
Հանդիպումների նպատակն էր պարզել, թե ինչ է փոխվել բուհերում հավատարմագրումից ի վեր, ինչ է շահել ուսանողը հավատարմագրման արդյունքում, տեղի ունեցող փոփոխությունները որքանով են մնացել ադմինիստրատիվ մակարդակում և որքանով լսարան հասել։ Քննարկվեց նաև, թե բուհերը որքանով են հետևում իրենց շնորհած որակավորումների արժանահավատությանը, ինչ մեխանիզմներով են դա իրականացնում։ Օրակարգի թեմաներից էր նաև դասախոսի դերը․ ինչպե՞ս են բուհերը խրախուսում իրենց աշխատանքը հետազոտող և շարունակաբար բարելավող դասախոսին, հաջողված ի՞նչ փորձ կա ոլորտում։
Առանցքային թեմաներից էր այն, թե ինչպես մեծացնել որակի ապահովման կենտրոնների դերը և ազդեցությունը բուհերում։
Ինստիտուցիոնալ հավատարմագրում չունեցող բուհերի ներկայացուցիչների հետ քննարկվեց, թե ինչ փոփոխություններ են տեղի ունեցել այդ բուհերում վերջին տարիներին, որակի ապահովման ինչ գործընթացներ են ծավալում և ինստիտուցիոնալ հավատարմագրման նախապատրաստական աշխատանքներում ինչ խնդիրներ կան։
Հանդիպումների ընթացքում կարևորվեցին ՈԱԱԿ-ի հետ պարբերական հանդիպումները։ Պայմանավորվածություն ձեռք բերվեց պարբերաբար հանդիպումներ կազմակերպել թե ՈԱԱԿ-ում, թե բուհերում, որտեղ կքննարկվեն որակի ապահովման տիրույթում արդիական խնդիրները և բուհերի հաջողված փորձը։