Որո՞նք են առցանց կրթության դրական և բացասական կողմերը, ի՞նչ է կորցրել և ի՞նչ է շահել ուսանողն առցանց կրթության ամիսների ընթացքում․ այս և այլ հարցեր էին երեկ բժշկական բուհերի ուսանողների հետ հանդիպման օրակարգում։
ՈԱԱԿ մասնագետների հետ հանդիպման ընթացքում բժշկական բուհերի ուսանողները, անդրադառնալով առցանց դասավանդման դրական կողմերին, որոնք կուզենային պահպանել նաև լսարանային կրթության վերադառնալուց հետո, պատմեցին, որ առցանց ուսուցման ընթացքում տեսական թեմաների դասավանդումը բարելավվել է, հարստացել է թվային գործիքներով, ինչն էլ ավելի է նպաստել ուսանողների հետազոտական, վերլուծական կարողությունների զարգացմանը։
Այլընտրանքային մոտեցումների արդյունում ուսանողները հնարավորություն ունեն տեսախցիկով օնլայն ռեժիմով մոտիկից հետևել վիրահատությունների, բժշկական միջամտությունների, այնուհետև դասախոսը մեկնաբանում է ողջ գործընթացը։ Սակայն խնդիր է մնում պացիենտի հետ դեմ առ դեմ շփման պակասը, մասնագիտական կարողությունների և հմտությունների գործնական ցուցադրությունը, ինչն օնլայն միջոցներով հնարավոր չէ ապահովել։
Ուսանողներն առաջարկեցին ապագայում համատեղել առցանց և լսարանային դասերը՝ դրանք անցկացնելով փոքր խմբերով։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն ուսանողներին խրախուսեց, որ անմիջական հաղորդակցություն ունենան դասախոսների հետ, դասընթացների, կիրառվող մեթոդների վերաբերյալ իրենց առաջարկությունները ներկայացնեն, ակտիվորեն մասնակից դառնան դասավանդման այլընտրանքային մոտեցումների փնտրտուքին։