Հունիսի 13–ին ՈԱԱԿ աշխատակազմը հյուրընկալեց Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի (ENQA) նախագահ Դուգլաս Բլեկստոկին։ Հանդիպման ընթացքում պարոն Բլեկստոկի հետ քննարկվեցին բուհական և նախնական, միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի ազդեցությամբ իրականացված փոփոխությունները, առկա մարտահրավերները և զարգացման հեռանկարները։
Անդրադարձ կատարվեց նաև ENQA-ի կողմից իրականացված ՈԱԱԿ արտաքին գնահատմանը, որի շրջանակներում փորձագիտական առցանց այցը տեղի էր ունեցել 2022 թ․ փետրվար ամսին։ ՈԱԱԿ մասնագետները կիսվեցին իրենց տպավորություններով, առաջարկություններով և քննարկեցին սպասվող փոփոխությունները ՀՀ որակի ապահովման համակարգում։
Հանդիպման առանցքում էին նաև միկրոորակավորումների որակի ապահովմանն ուղղված հիմնահարցերը, Բոլոնյան գործընթացի որակի ապահովման գործընկերային աջակցության խմբում ներգրավվածության արդյունքները և ծրագրային հավատարմագրման իրականացմանը խոչընդոտող հանգամանքներն ու դիտարկվող լուծումները։ Քննարկվեցին որակի արտաքին և ներքին ապահովման գործընթացներում ուսանողների ներգրավվածության ուղիները, նրանց ներդրումը համակարգի զարգացման գործում, ոլորտային հետազոտությունների իրականացման օրինակները։ Հանդիպման ընթացքում շեշտադրվեց նաև, որ «Ուսանողության ձայն» նախագիծը հանդիսանում է մարդկային ռեսուրսների հավաքագրման գործիք․ ՈԱԱԿ շատ աշխատակիցներ նախկինում ընդգրկված են եղել «Ուսանողության ձայն» նախագծում, որպես ուսանող-փորձագետներ ներգրավվել են փորձագիտական խմբերում, այնուհետև դարձել ՈԱԱԿ աշխատակիցներ։
Հանդիպման ավարտին Բարձրագույն կրթության որակի ապահովման եվրոպական ասոցիացիայի նախագահը հաջողություն մաղթեց ՈԱԱԿ–ին Հայաստանում որակի ապահովման համակարգի զարգացման և որակի ապահովման մշակույթի տարածման գործում։ Հիշեցնենք՝ ՈԱԱԿ–ը ENQA-ի լիիրավ անդամ է դարձել 2017թ․։ Այս տարի անցել է արտաքին գնահատում՝ վերաանդամակցության նպատակով։ Գնահատման արդյունքները հասանելի կլինեն շուտով։