Հայաստանում տրանսազգային կրթություն մատուցող բարձրագույն ուսումնական հաստատությունները փորձնական արտաքին գնահատում են անցնում ՏԵՄՊՈՒՍ-ի TNE-QA ծրագրի շրջանակներում: Նպատակն է փորձարկել տրանսազգային կրթության որակի ապահովման չափանիշները:
Փորձագիտական խումբը մարտի 6-10-ը այցեր կիրականացնի Հայաստանի ամերիկյան, Հայաստանում ֆրանսիական և Հայ-ռուսական (սլավոնական) համալսարաններ:
Այցի շրջանակներում յուրաքանչյուր բուհում հանդիպումներ տեղի կունենան բուհի վարչական ղեկավարության, ինքնավերլուծություն իրականացրած խմբի, որակի ներքին ապահովման թիմի, ուսումնական ծրագրերի հանձնախմբի, դեկանների և ուսանողների հետ, կիրականացվի ռեսուրսների դիտարկում:
Փորձագիտական խմբում ընդգրկված են երեք միջազգային փորձագետներ, որոնցից մեկը՝ Վրաստանից, մեկ հայաստանյան փորձագետ և մեկ ուսանող փորձագետ: Գործընթացը համակարգում է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը:
«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» ծրագրի (2013-2016) ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացումը և ճանաչումը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն: