Էրազմուս+ DeSIRe ծրագրի շրջանակներում կմշակվեն փոխանցելի կարողություններ ձևավորող մոդուլներ, որոնք կներդրվեն Հայաստանի և Վրաստանի կոնսորցիումի անդամ գործընկեր բուհերում:
Փետրվարի 26-ին և 27-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում և Վանաձորի Հ․ Թումանյանի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ «Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում» (DeSIRe) Էրազմուս+ ծրագրի մեկնարկային երկօրյա համաժողովը:
Ծրագրի հայաստանյան և եվրոպական շահակիցները երկօրյա համաժողովի ընթացքում հստակեցրին ծրագրի իրականացման փուլերը և ժամկետները, ներկայացրին սահմանված վերջնարդյունքները և գործընկերների պատասխանատվության շրջանակները:
Համաժողովի ընթացքում ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը ներկայացրեց ՈԱԱԿ-ի 15 տարիների գործունեությունը և ձեռքբերումները։ ՈԱԱԿ Քաղաքականության մշակման և իրականացման բաժնի մասնագետ Մերի Բարսեղյանը ներկայացրեց Որակի գնահատման և մշտադիտարկման աշխատանքային փաթեթը և DeSIRe ծրագրի որակի ապահովման ուղենիշները:
«Հայաստանի և Վրաստանի բուհերում 21-րդ դարի աշխատաշուկայի պահանջներին համահունչ փափուկ հմտությունների զարգացում»-ը (DeSIRe) եռամյա Էրազմուս + ծրագիր է (2024-2027), որի նպատակն է ապահովել ներառական և հավասար որակյալ կրթություն և ցկյանս ուսուցման հնարավորություններ բոլորի համար՝ ապահովելով փափուկ և մասնագիտական կարողություններ աշխատանքային կարիերային և շուկայի պահանջներին համահունչ։
Ծրագրի համակարգողը Հ․ Թումանյանի անվան Վանաձորի պետական համալսարանն է: Ծրագրում ներգրավված են 17 գործընկեր կազմակերպություններ և համալսարաններ Հայաստանից, Վրաստանից, Ֆինլանդիայից, Իսպանիայից և Իռլանդիայից։