Ավարտվեց փորձագիտական խմբերի այցը հայաստանյան 4 պետական բուհեր: Մայիսի 18-ից հունիսի 5-ն ընկած ժամանակահատվածում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննության շրջանակներում փորձագիտական խմբերն այցելել են Վանաձորի պետական համալսարան (ՎՊՀ), Գորիսի պետական համալսարան (ԳՊՀ), Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան (ՀՊՏՀ) և Հայաստանի պետական մանկավարժական համալսարան (ՀՊՄՀ):
Փորձաքննության գործընթացները համակարգում է «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը (ՈԱԱԿ):
Բուհերում փորձագետները հանդիպումներ են ունեցել ծրագրի պատասխանատուների, ծրագրի մշակման գործընթացում ներգրավված անձանց, դասախոսական կազմի և ուսանողների հետ, իրականացրել են ռեսուրսների դիտարկում:
Այցից հետո համապատասխան փորձագիտական եզրակացություն կկազմվի, որում կներկայացվեն մասնագիտության կրթական ծրագրի ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև առկա թերությունների վերացման ուղղությամբ խորհրդատվություն կմատուցվի:
Գործընթացին մասնակցել են երկու միջազգային փորձագետներ. Մեծ Բրիտանիայի Բաթ Սփա համալսարանի (Bath Spa University) ավագ դասախոս, կրթության փիլիսոփայության գիտությունների թեկնածու Դարեն Գարսիդեն և Վրաստանի Կրթության որակի բարելավման ազգային կենտրոնի մասնագետ Քսենիա Ջելովանին:
ՎՊՀ այցելած փորձագիտական խումբը ղեկավարել է ՀՊՏՀ որակի ապահովման կենտրոնի գլխավոր մասնագետ Վարազդատ Հովհաննիսյանը, ՀՊՏՀ փորձագիտական խումբը` ՎՊՀ դասախոս, բանասիրական գիտությունների թեկնածու Լուսիկ Վարդանյանը, իսկ ՀՊՄՀ և ԳՊՀ փորձագիտական խմբերը` ՀՊՏՀ տնտեսագիտական ինֆորմատիկայի և համակարգերի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Վարդան Սարգսյանը:
Փորձաքննությունը նախատեսված էր ՏԵՄՊՈՒՍ-ի ՄԱՀԱԹՄԱ ծրագրով, որի շրջանակներում 2013-14 ուսումնական տարում հայաստանյան մի շարք բուհերում փորձնականորեն ներդրվել է «Կրթության կառավարում» մասնագիտության մագիստրոսական կրթական ծրագիր:
Ծրագրի շրջանակներում հունիսի 8-19-ը «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրի փորձաքննություն կանցկացվի նաև Վրաստանի Իլյայի անվան պետական համալսարանում, Ակակի Ծերեթելիի անվան պետական համալսարանում, Շոթա Ռուսթավելիի անվան պետական համալսարանում և Սևծովյան միջազգային համալսարանում: Փորձաքննությանը Հայաստանից մասնակցում է ՈԱԱԿ փորձագետ Կարեն Գրիգորյանը: