Այսօր «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ղազախստանի կրթության որակի ապահովման անկախ գործակալության տնօրեն Շոլփան Կալանովան Երևանում համագործակցության հուշագիր ստորագրեցին:
Հուշագրով կողմերը համաձայնում են համագործակցել որակի ապահովման, ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների և չափորոշիչների շարունակական բարելավման, փորձագետների վերապատրաստման ոլորտներում, ինչպես նաև իրականացնել համատեղ ծրագրեր, հավատարմագրումներ, համաժողովներ, ինչպես նաև փորձի փոխանակում:
Պարոն Թոփչյանը և տիկին Կալանովան կարևորեցին հուշագիրը`վստահություն հայտնելով, որ այն կդառնա երկուստեք արդյունավետ համագործակցության և լավագույն փորձի փոխանակման հիմք:
Մինչ փաստաթղթի ստորագրությունը կողմերը քննարկեցին նաև երկու երկրներում բարձրագույն կրթության և հավատարմագրման գործընթացի առանձնահատկությունները, ոլորտը կարգավորող օրենսդրությունը, առկա փորձը և ձեռքբերումները: