«Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի կազմակերպած «Մասնագիտական կրթության որակի ապահովում. որքանով է ուսուցումն արդյունավետ» խորհրդաժողովը մեկ տեղում էր միավորել կրթության կառավարիչների և դասախոսների Հայաստանից, Վրաստանից, Մեծ Բրիտանիայից, Իտալիայից, Չեխիայից և այլ եվրոպական երկրներից, ինչպես նաև գործատուների և ուսանողների: Խորհրդաժողովից հետո կազմակերպիչներն ու մասնակիցներն արդյունքներն ամփոփեցին ու գնահատականներ հնչեցրեցին:
Ռուբեն Թոփչյան, ՈԱԱԿ տնօրեն. Տարիներ առաջ, որպես փոփոխությունների մեջ գտնվող երկիր, մեր կրթական համակարգը շարունակ քննադատվում էր եվրոպացի մասնագետների կողմից: Այս անգամ այլ իրավիճակ էր. խորհրդաժողովը գործընկերային հանդիպում էր, երբ բոլոր կողմերը միմյանցից ինչ-որ բան սովորեցին:
Միջոցառումը միտված էր նրան, որ գործատուները, դասախոսներ, համալսարանների կառավարիչները հավաքվեն մի հարթակի վրա և փորձի փոխանակում իրականացնեն: Կարծում եմ, դա հաջողվեց, ունեցանք շուրջ 25 զեկույց, որոնք իրենց հաջողված փորձը և դժվարություններն էին ներկայացնում, նաև ստացան արձագանք տեղացի ու միջազգային մյուս մասնագետներից: Կարևորում եմ նաև այն, որ գործատուների մասնակցությունը բարձր էր խորհրդաժողովին. նրանք պատրաստ են համագործակցել: Գործատուներն ունեն պահանջներ և խնդիրներ, դասախոսներն էլ ընկալում են դա ու փորձում հաշվի առնել:
Գագիկ Քթրյան, ՈԱԱԿ փորձագետ.Խորհրդաժողովն արդյունավետ էր նրանով, որ առավելապես կարևորվել էր պրակտիկ փորձը: Եթե մինչ այժմ ֆորումներին տեսական մակարդակի ինֆորմացիա էինք ստանում, ապա այս անգամ պրակտիկ փորձն էր. Ի՞նչ է արվել ու դրա արդյունքում ի՞նչ բարելավումներ են իրականացվել: Արդյունավետ էր նաև նրանով, որ մեր արտասահմանցի գործընկերների կողմից հետաքրքիր բնորոշումներ լսեցինք նույն վերջնարդյունքների, ուսուցման արդյունավետության կազմակերպման վերաբերյալ:
Ընդհանրապես ՈԱԱԿ-ի ամենամյա համաժողովները համարում եմ համակարգն ուղղորդող, ռելսերի վրա դնող: Այս միջոցառումների շնորհիվ հասկանում ենք, թե ինչ ուղղությամբ շարժվել, որպեսզի հնարավորինս արդյունավետ իրականացվեն գործընթացները:
Փոլ Հիլանդ, ՄԹ Բաթ Սփա համալսարանի պրոֆեսոր. Կարծում եմ, որ չափազանց կարևոր է, որ որակի ապահովման մասնագետները, դասախոսները մեկ տեղում հավաքվեն`կիսվելու նոր գաղափարներով, նորամուծություններով, փորձով, ներկայացնելու իրենց հետազոտությունները, որովհետև բուհի յուրաքանչյուր բաժնում կորիզ պետք է ստեղծվի, որը մտահոգ ու սրտացավ է, փոփոխություններ է նախաձեռնում, բարելավում ուսանողների առաջընթացը, դասավանդման որակը:
Կարևոր է նաև, որ բուհերի ռեկտորներն ու պրոռեկտորները հասկանան նման կոնֆերանսների կարևորությունը և լսեն մարդկանց, ովքեր մասնակցում են նման կոնֆերանսներին, քանի որ նրանք ամենամտահոգ, ամենաակտիվ մասնագետներն են, որոնք բարելավում են ուսումնառության և, ընդհանուր առմամբ, նաև համալսարանի որակը:
Այս խորհրդաժողովի զեկույցները բարձրորակ ու հետաքրքիր էին: Արծարծված խնդիրներն այս կամ այն կերպ վերաբերում են աշխարհի յուրաքանչյուր երկրի: Կարծում եմ, որ Հայաստանը ճիշտ ճանապարհին է և կարող է ցանկալի արդյունքի հասնել:
Գեղեցիկ Գրիգորյան, ՀՊՏՀ դասախոս. Կարևորում եմ, որ ծանոթացա մեր օտարերկրյա գործընկերների փորձին: Հատկապես Մեծ Բրիտանիայի կոլեգաների փորձն ինձ համար շատ հետաքարիր էր: Կարևոր է նաև, որ միջոցառման ֆորմատն այնպիսին էր, որ ամեն ոք արտահայտվելու, կարծիք արտահայտելու հնարավորություն ուներ:
Ուսանելի բաներ, անշուշտ, շատ կային: Այդ ամենը կներկայացնեմ մեր ամբիոնի երիտասարդ դասախոսներին: Բայց կարծում եմ, որ միայն դասախոսները չէ, որ առաջադեմ պետք է լինեն: Անմիջական ղեկավարությունը ևս պետք է ծանոթանա լավագույն փորձին, լինի այդ գաղափարների կրողը, որպեսզի չխոչընդոտի իր դասախոսներին նորամուծություններ կատարել:
Նինո Թվալչալիձե, Սևծովյան միջոզգային համալսարանի դոցենտ. Համակարգային շատ խնդիրներ ոչ միայն Հայաստանին կամ Վրաստանին են բնորոշ, այլ համաշխարհային են: Նման կոնֆերանսներին տարբեր երկրների մասնագետներով մեր փորձով, մոտեցումներով ենք փոխանակվում, նոր բաներ պարզում: Ուստի կարծում եմ, նման միջոցառումները նպաստում են կրթության որակի ապահովմանը:
Իրինա Վանյան, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի որակի ապահովման կենտրոնի աշխատակից. Խիստ կարևորում եմ նման միջոցառումները և ներքին, և արտաքին որակի ապահովման գործընթացների առումով: Այստեղ են տեղի ունենում բուհական ոլորտի մասնագետների շփումներն ու կարծիքների փոխանակումը: Միանշանակ պետք է ասել, որ ամեն անգամ ՈԱԱԿ-ի համաժողովներից նոր գաղափարներ ենք մեզ հետ բուհ տանում և փորձում գործնականում կիրառել: Այս միջոցառումն էլ բացառություն չէր:
Նազելի Ավետիսյան, Գյումրիի պետական մանկավարժական ինստիտուտի որակի ապահովման կենտրոնի տնօրեն. Համոզված եմ, որ նման ֆորումները անհրաժեշտություն են, որովհետև միավորում են նույն խնդիրներն ունեցող հաստատություններին: Բոլորս էլ կրթական համակարգում ունենք համանման խնդիրներ, որոնք բարձրացվում և քննարկվում են այստեղ, լուծման ուղիներ են առաջարկվում: Ի վերջո, նման միջոցառումներն օգնում են, որ բուհի ներսում կատարված աշխատանքը նաև արտաքինից դիտարկվի և գնահատվի:
Այս երկու օրերին մեծ քանակությամբ նոր ինֆորմացիա ստացանք, դիտարկեցինք այլոց առաջավոր փորձը, որոնց մի մասը կտեղայնացնենք ու կօգտագործենք մեր ուսումնական հաստատությունում:
Արփինե Դարբինյան, Գեղարքունիքի պետական տարածաշրջանային քոլեջի դասախոս. Որպես միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչ`շատ մեծ գաղափարներ ստացա այս համաժողովից, ծանոթացա և տեղական, և արտերկրի բուհերի փորձին: Մեծ քանակությամբ ինֆորմացիա հավաքեցի, որը անհրաժեշտ է նաև միջին մասնագիտական կրթության ոլորտի ներկայացուցիչներին, քանի որ մեր մասնագետները ևս, դուրս գալով շուկա, պետք է մրցունակ լինեն և համապատասխանեն գործատուների պահանջներին:
Քոլեջի իմ կոլեգաներին ծանոթացնելու եմ իմ ստացած գիտելիքներին ու փորձին, որպեսզի նոր մոտեցումները բոլորս կիրառենք և առավել որակյալ ուսուցում ապահովենք: