Որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) աշխատանքային խումբը` տնօրեն Ռուբեն Թոփչյանի գլխավորությամբ, օգոստոսի 25-ին երկօրյա աշխատանքային այցով հյուրընկալվել էր Լեհաստանի Հանրապետության Հավատարմագրման հանձնաժողովում (PKA)։ Մասնագիտական կրթության որակի ապահոման երկու կառույցների միջև կապերի հաստատման և համագործակցության նախաձեռնությունը Լեհաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Գալոյանինն էր։
Այցի ընթացում երկու երկրների մասնագիտացված կառույցների ներկայացուցիչները ծանոթացան միմյանց փորձին ու քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Դրանք վերաբերում էին մասնավորապես կրթական հաստատությունների հավատարմագրման հայեցակարգին, սկզբունքներին, չափանիշներին և չափորոշիչներին: Հայկական կողմին առավելապես հետաքրքրում էր, թե ինչպես են լեհերը տեղայնացրել հավատարմագրումն իրականացնող փորձագետների խմբերի ձևավորման, նրանց պարտականությունների, ինչպես նաև` գնահատման մեթոդների միջազգային փորձը։
Այցի արդյունքում պայմանավորվածություն ձեռք բերվեց համագործակցության եզրերը հստակեցնելու ու ընդլայնելու նպատակով առաջիկայում Լեհաստանի Հավատարմագրման հանձնաժողովի հետ համաձայնագիր ստորագրելու մասին: Արտասահմանյան գործընկեր կառույցների և ՈԱԱԿ-ի միջև նման կապերի ձևավորումը լավ հեռանկարներ է ստեղծում հավատարմագրման փոխադարձ գործընթացների կազմակերպման և իրականացման առումով: