Մեկնարկել է Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) ու Ֆրանսիայի հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի (HCERES) կողմից Հայաստանում ֆրանսիական համալսարանի համատեղ հավատարմագրման գործընթացի փորձագիտական այցը։
Փորձագիտական խմբի համաղեկավարն է Վաչե Գաբրիելյանը՝ Հայաստանի ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի դեկան։
Փորձագիտական խմբի մյուս անդմաներն են՝ Արման Թաթոյանը՝ «Թաթոյան» հիմնադրամի հիմնադիր տնօրեն, Հայաստանի ամերիկյան, Երևանի պետական համալսարանների և ՀՀ Արդարատության ակադեմիայի դասախոս, Արթուր Դավթյանը՝ «Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն» բաժնի ուսանող։
Ֆրանսիական կողմից փորձագիտական խումբը համաղեկավարում է Ժերոմ Կաբին՝ Սորբոնի բիզնես դպրոցի դասախոս, Կրթության կառավարման ֆրանսիական հիմնադրամի գլխավոր պատվիրակ, մյուս անդամներն են Մարի-Էլեն Աբելը՝ Կոմպիենի տեխնոլոգիական համալսարանի «Համակարգչային ճարտարագիտություն» բաժնի ղեկավար, Մարի-Էլեն Ֆոս-Գոմեզը՝ Լիլի համալսարանի Մենեջմենթի դպրոցի, Բանկային գործի և ֆինանսների ինստիտուտի դասախոս։
Հավատարմագրման գործընթացը համակարգում են ՈԱԱԿ Ինստիտուցիոնալ և ծրագրային փորձաքննության բաժնի ղեկավար Վարդուհի Գյուլազյանը և Ֆրանսիայի հետազոտության և բարձրագույն կրթության գնահատման բարձրագույն խորհրդի Համագործակցության և զարգացման գործակալության ղեկավար Սոֆի Գիյեն։
Հայ-ֆրանսիական փորձագիտական խումբը 3 օրերի ընթացքում հանդիպումներ կունենա բուհի ներքին և արտաքին շահակիցների հետ։
Հոկտեմբերի 2-ին հանդիպումներ են կայացել համալսարանի ռեկտորի, պրոռեկտորի, խորհրդի անդամների, ինքնավերլուծությունն իրականացրած խմբի և այլ ներքին շահակիցների հետ։ Փորձագիտական խումբը նաև իրականացրել է համալսարանի ռեսուրսների դիտարկում։
Փորձագիտական այցի երկրորդ օրը մասնագիտական հանդիպում-քննարկումներ տեղի կունենան «Մարքեթինգ», «Իրավաբանություն» և «Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրերի պատախանատուների, դասավանդող անձնակազմի և ուսանողների հետ:
Այցից հետո փորձագետները կկազմեն համատեղ զեկույց՝ ըստ ինստիտուցիոնալ հավատարմագրման չափանիշների վերլուծելով բուհի գործունեությունը: Հայ-ֆրանսիական փորձագիտական խումբը կմատնանշի բարելավման ուղղությունները և կներկայացնի համապատասխան խորհրդատվություններ, որոնց հիման վրա բուհը կկազմի թերությունների վերացման ծրագիր՝ հստակ ժամանակացույցով:
Հաջորդիվ երկու երկրների հավատարմագրման հանձնաժողովները կհրապարակեն առանձին որոշումներ բուհի ինստիտուցիոնալ հավատարամագրման վերաբերյալ։