Երևանի Մ․ Հերացու անվան պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ-ի VERITAS ծրագրի ամփոփիչ համաժողովը։ «Զալցբուրգյան սկզբունքների հիման վրա կրթական 3-րդ մակարդակի կառուցվածքային զարգացում» ծրագրի շահակիցները համաժողովի ընթացքում ամփոփելու են հիմնական ձեռքբերումները, առկա լավագույն փորձը, քննարկելու են արդյունքների հետագա կիրառելիության ապահովումը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնը VERITAS-ի շահակիցներից է և իր ներդրումն է ունեցել ծրագրի կայացման գործում։ Այսպես, ծրագրի շրջանակներում մշակվել են բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովման չափանիշները և չափորոշիչները։ Առաջնորդվելով դրանցով՝ շահակից բուհերը վերանայել են իրենց կրթական ծրագրերը և փաստաթղթային հենքը, որից հետո իրականացրել են ինքնավերլուծություն։ Տեղական ու միջազգային փորձագետներից կազմված խումբն հետազոտողի կրթական ծրագրերի արտաքին գնահատում է իրականացրել 11 բարձրագույն ուսումնական հաստատություններում՝ տրամադրելով բարելավման խորհրդատվություն։
«Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծի ընդունման դեպքում ՀՀ-ում կրթության երրորդ աստիճանի հավատարմագրումը պարտադիր կլինի։ Հավատարմագրման համար կկիրառվեն VERITAS-ի շրջանակներում մշակված չափանիշները և չափորոշիչները։
Նշենք, որ այսօր համաժողովի ընթացքում ՈԱԱԿ ինստիտուցիոնալ և ծրագրային գավատարմագրման բաժնի մասնագետ, Հիմնադրամում VERITAS-ի համակարգող Լիլիթ Պիպոյանը կներկայացնի զեկույց «ՀՀ բարձրագույն կրթության երրորդ աստիճանի որակի ապահովումը՝ չափանիշներ և չափորոշիչներ թեմայով»։
VERITAS- ի նպատակն է բարելավել Հայաստանի ասպիրանտական կրթական համակարգը՝ այն համապատասխանեցնելով եվրոպական որակավորումների շրջանակին և Զալցբուրգյան սկզբուքներին: