ՏԵՄՊՈՒՍ-ի PICASA ծրագրի շրջանակներում նոյեմբերի 21-22-ին Թբիլիսիի Իվանե Ջավախաշվիլիի անվան պետական համալսարանում տեղի ունեցավ համաժողով «Դասավանդման և ուսումնառության միջազգայնացում. Քաղաքականություն և պրակտիկա» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, մասնագետներ Լիլիթ Պիպոյանը և Օֆելյա Պետրոսյանը:
Համաժողովի ընթացքում սեսիոն նիստերով անդրադարձ է կատարվել հետևյալ թեմաներին` միջազգայնացման ռազմավարական պլանավորումը, ուսանողների և դասախոսների շարժունության ազդեցությունը դասավանդման և ուսումնառության բարելավման վրա, կրթական ծրագրերի ինովացիոն մշակումը և միջազգայնացումը: Սեսիոն նիստերին հաջորդել է աշխատաժողով` նվիրված կրթական ծրագրերի միջազգայնացմանը բուհերում առաջիկա 5 տարիներին: Այնուհետև մասնակիցներն ամփոփել են երկօրյա համաժողովի արդյունքները:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը և Ինստիտուցիոնալ և ծրագրային բաժնի աշխատակից, հիմնադրամում PICASA ծրագրի համակարգող Լիլիթ Պիպոյանը համաժողովի շրջանակներում զեկույց են ներկայացրել «Միջազգայնացման տիրույթի որակի ապահովումը մասնագիտությունների կրթական ծրագրերի համատեքստում. Հայաստանի փորձը» թեմայով:
«Արևելյան գործընկերության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով: