Հայաստանի պետական ընտեսագիտական համալսարանում ՏԵՄՊՈՒՍ-ի ԱՐԱՐԱՏ ծրագրի շրջանակներում այսօր մեկնարկեց Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցին նվիրված համաժողովը:
ԱՐԱՐԱՏ ծրագրի համակարգող Ներսես Գևորգյանը ներկայացրեց Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի (ՀԱԱՑ) ստեղծման գործընթացը: Այնուհետև ելույթով հանդես եկավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) տնօրեն Ռուբեն Թոփչյանը`ներկայացնելով Համալսարան-աշխատաշուկա ազգային ցանցի կառուցվածքը, կարգավորման շրջանակները, գործառնական փաստաթղթերը: Պարոն Թոփչյանը ներկայացրեց նաև ՀԱԱՑ ստեղծման անհրաժեշտությունը և նշանակությունը: Նա հատկապես կարևորեց գործատուների մասնակցությունն ազգային և ոլորտային որակավորումների շրջանակի մշակումներին, ինչպես նաև առաջիկայում սպասվող ծրագրային հավատարմագրումներին:
Հիմնադրամի քաղաքականության մշակման և իրականացման բաժնի աշխատակից, ՈԱԱԿ-ում ԱՐԱՐԱՏ ծրագրի համակարգողներից Էլլա Կարագուլյանը ներկայացրեց համալսարան-աշխատաշուկա կապի ամրապնդման նպատակով տվյալների բազայի և գործիքակազմի մշակման աշխատանքները: Այնուհետև քննարկվեցին համալսարան-աշխատաշուկա համագործակցության հիմնախնդիրները և համալսարան-աշխատաշուկա համագործակցության միավորի դերը ՀԱԱՑ-ում:
ԱՐԱՐԱՏ-ը («Համալսարան-գործատու» հայկական համակարգող գործակալություն) եռամյա ազգային ծրագիր է, որի նպատակն է բարելավել բարձրագույն կրթության համապատասխանությունը անընդհատ փոփոխվող աշխատաշուկայի կարիքներին` Հայաստանում «Համալսարան-գործատու» համագործակցության կապի ստեղծման և գործարկման միջոցով: Ծրագրի արդյունքում բուհերը կկարողանան աշխատաշուկայի պահանջներին համապատասխան մասնագետներ պատրաստել, գործատուն կկարողանա իր պահանջները և կարիքները բուհին հասցնել, իսկ ուսանողը կիմանա, որ իր ստացած որակավորումն ու հմտությունները պահանջված են, ինչը կմեծացնի աշխատանք գտնելու և կարիերա ստեղծելու հնարավորությունները:
Ծրագրի շրջանակներում որակավորումների շրջանակներ են ստեղծվել Մանկավարժություն, ՏՏ և Տնտեսագիտություն ոլորտների համար: Ծրագրի ավարտից հետո նախատեսվում է, որ ՀԱԱՑ-ը կշարունակի գործել, և այլ ոլորտների համար ևս կմշակվեն որակավորումների շրջանակներ: