Մեկնարկել է ՏԵՄՊՈՒՍ-ի TNE_QA նախագծի ամփոփիչ համաժողովը Երևանում։
Երկօրյա համաժողովի ընթացքում ծրագրի հայաստանցի, վրաստանցի և եվրոպական գործընկեր հաստատությունները ներկայացնող մասնակիցները կամփոփեն ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները։
«Տրանսազգային կրթությունը տարեցտարի ընդլայնվում է։ Հետևաբար տրանսազգային կրթության որակի ապահովումն ու ճանաչումը մեծ մարտահրավեր է»,- համաժողովի բացմանը հայտարարեց «Էրասմուս +» ծրագրի ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան՝ հույս հայտնելով, որ ծրագրի ազդեցությունը միայն Հայաստանով և Վրաստանով չի սահմանափակվի, այլ նաև երկու երկրների լավագույն փորձը կարտահանվի։
Երկօրյա համաժողովի ընթացքում զեկույցներով կներկայացվեն TNE_QA ծրագրի նպատակները և ձեռքբերումները, տրանսազգային բարձրագույն կրթությունը Հայաստանում և Վրաստանում, տրանսազգային բարձրագույն կրթության որակի արտաքին և ներքին ապահովման չափորոշիչները և ընթացակարգերը։
Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը կներկայացնի TNE_QA նախագծի արդյունքների ներդրումև և ակնկալվող ազդեցությունը որակի ապահովմանը Հայաստանում։ Նույն թեմայով վրաստանյան փորձը կներկայացնի Վրաստանի կրթության որակի բարելավման ազգային կենտրոնից Մայա Գելաշվիլին։
Համաժողովի երկրորդ օրը կներկայացվի տրանսազգային բարձրագույն կրթության փորձը նախագծի գործընկեր բուհերում։
«Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի և ճանաչման խթանում» նախագծի ընդհանուր նպատակն է խթանել Հայաստանում և Վրաստանում տրանսազգային կրթության որակի բարձրացմանը և ճանաչմանը` առաջարկելով որակի արտաքին և ներքին ապահովման այնպիսի համակարգեր, որոնք ընդունված ու ճանաչված են տարածաշրջանային մակարդակով և միջազգայնորեն: