Այսօր ՀՊՄՀ-ում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի MAHATMA ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ծրագրի շահակիցները Հայաստանից, Վրաստանից և եվրոպական մի շարք երկրներից: Համաժողովին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը, ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Վարդուհի Գյուլազյանըև «Ուսանողության ձայն» նախագծի համակարգող Արուսյակ Հարությունյանը:
Թե տեղացի, թե միջազգային հյուրերը ծրագիրն իրենց ելույթներում գնահատեցին որպես հաջողված ու արդյունավետ:
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանն իր ելույթում կարևորեց տեղում կրթության կառավարիչների պատրաստումը: Նրա խոսքով`ծրագրի շրջանակներում հատուկ են մագիստրոսական կրթական ծրագրեր մշակել. միջազգային փորձին և հայաստանյան կրթական համակարգին տեղյակ հետազոտող մասնագետները կկարողանան լավագույնս ադապտացնել ստացած գիտելիքները և կիրառելի դարձնել Հայաստանում:
Ամփոփելով ծրագրի ձեռքբերումները`պարոն Թոփչյանը շեշտադրեց տարածաշրջանային համագործակցության հանգամանքը. ծրագրի շրջանակներում հայկական ու վրացական բուհերը, որակի ապահովման գործակալությունները միասին են աշխատել, իրականացրել համատեղ փորձաքննություններ, ինչպես նաև փորձի փոխանակում:
Մյուս կարևոր ձեռքբերումն, ըստ պարոն Թոփչյանի, այն է, որ ծրագրերի մշակման պահից իսկ դրանցում ներդրված էին որակի ապահովման մեխանիզմները:
ՈԱԱԿ տնօրենը կարևոր ձեռքբերում է համարում նաև Կրթության միջազգային ասոցիացիայի ստեղծումը, որը կոչված է նպաստելու ոլորտի շահակիցների համագործակցությանը և գաղափարների փոխանակմանը: Ծրագրի շրջանակներում նախաձեռնվել ու հրատարակվում է նաև Կրթության որակի միջազգային ամսագիրը:
«Բոլոր հիմքերը դրված են, շարունակենք առաջ գնալ և հաջողություն կունենանք»,- նշեց Ռ. Թոփչյանը:
Համաժողովի շրջանակներում «Կրթության կառավարում» մասնագիտության կրթական ծրագրերի որակի ապահովումն ամփոփեց ՈԱԱԿ աշխատակից Վարդուհի Գյուլազյանը:
Զեկույցի ընթացքում ներկայացվեցին ծրագրերի արտաքին գնահատումը, դուրս բերված լավագույն փորձը, ձեռքբերումները բուհերի և գործակալությունների համար, ինչպես նաև հետագա զարգացման հեռանկարները:
2013-ին մեկնարկած այս ծրագրի շրջանակներում մշակվել է 8 մագիստրոսական ծրագիր Հայաստանի և Վրաստանի չորսական բուհերում`եվրոպական գործընկեր հաստատությունների աջակցությամբ: Մասնագիտության կրթական ծրագրերի արտաքին գնահատումն իրականացվել է ՀՀ և Վրաստանի որակի ապահովման կենտրոնների կողմից:
MAHATMA-ի նպատակն է խթանել բարձրագույն կրթության կառավարման փոխակերպումը Հայաստանում և Վրաստանում` բարձրագույն կրթության կառավարման նոր մագիստրոսական ծրագրի և մասնագիտական զարգացման ծրագրերի ներդրմամբ: