Ապրիլի 19-20-ին ԵՊՀ-ում տեղի ունեցավ ՏԵՄՊՈՒՍ-ի PICASA ծրագրի ամփոփիչ համաժողովը, որին մասնակցում էին ծրագրի գործընկերները և շահակիցները Հայաստանից, Վրաստանից, Բելառուսից, Ուկրաինայից, Բելգիայից, Իտալիայից և Մեծ Բրիտանիայից: Համաժողովին մասնակցում էին նաև Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի տնօրեն Ռուբեն Թոփչյանը և ՈԱԱԿ-ում ծրագրի համակարգող Լիլիթ Պիպոյանը:
Երկօրյա համաժողովի ընթացքում ծրագրի շահակից բուհերը ներկայացրել են PICASA ծրագրի շրջանակներում իրենց ուսումնական հաստատության միջազգայնացման ուղղությամբ ձեռնարկված քայլերը, ձեռք բերված արդյունքները: Տեղի է ունեցել նաև կլոր սեղան-քննարկում Հայաստանի, Բելառուսի, Ուկրաինայի կրթության նախարարությունների և ՈԱԱԿ ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման հիմնական թեմաներն են եղել ռազմավարությունը միջազգայնացման ոլորտում և միջազգայնացման որակի ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև ծրագրի արդյունքների շարունակականության ապահովմանը:
Համաժողովի մասնակիցներին ներկայացվել է նաև ծրագրի շրջանակներում հրատարակված միջազգայնացման ձեռնարկը:
«Արևելյան գործընկերության երկրներում բուհերի միջազգայնացման խթանում մշակութային և կառուցվածքային ադապտացիայի միջոցով» ծրագրի (2013-2016) նպատակն է նպաստել Հայաստանի, Վրաստանի, Բելառուսի և Ուկրաինայի` Արևելյան գործընկերության տարածաշրջանի բարձրագույն կրթական համակարգի ճանաչմանը` բուհական մենեջմենթի կառուցվածքային ու մշակութային բաղադրիչներում միջազգայնացման զարգացման ու ինտեգրման միջոցով: