«Որակի ապահովման համակարգը Հայաստանում» թեմայով հունիսի 8-ին ՈԱԱԿ-ում կազմակերպվել էր կլոր սեղան-քննարկում, որին մասնակցում էին ՀՀ ԿԳ փոխնախարար Արա Ավետիսյանը, Համաշխարհային բանկի և մեր երկրում կրթական ծրագրեր իրականացնող միջազգային այլ կազմակերպությունների, պետական բուհերի ներկայացուցիչներ։ Կլոր սեղանի նպատակը կրթության որակի ապահովման առումով Հայաստանում առկա իրավիճակի, տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի ներկայացումն էր, համագործակցության ուղիների հստակեցումը։
Մեր երկրի և ՀԲ-ի միջև կնքված պայմանագրի համաձայն` “Կրթության որակ և համապատասխանություն” վարկային 2-րդ ծրագրի շրջանակում կշարունակվեն մասնագիտական կրթության բարեփոխումները՝ մասնավորապես կրթության որակի ապահովման և բարելավման ուղղությամբ։ “Այս ոլորտում որոշակի քայլեր արդեն կատարվել են. նախարարությունում՝ ըստ բարեփոխումների ուղղությունների, գործում են աշխատանքային խմբերը, նախորդ տարվա ավարտին ստեղծվեց որակի ապահովման կենտրոնը։ Բուհերը նույնպես՝ միջազգային կազմակերպությունների հետ, որակի գնահատման ներքին մեխանիզմների առումով որոշ քայլեր են կատարել։ Գործընթացը բազմաթիվ բաղադրիչներ ունի և կարծում եմ, առաջիկայում մեզ կհաջողվի այս բոլոր օղակների համար հստակ չափանիշներ և ձևաչափ սահմանել, որպեսզի նրանցից յուրաքանչյուրը կարողանա արդյունավետորեն իրականացնել իր գործառույթները”,- ասաց փոխնախարար Ա. Ավետիսյանը։
ՀԲ ներկայացուցիչ Սաչիկո Կատաոկան, ներկայացնելով ՀԲ վարկային ծրագրի նոր բաղադրիչները, ասաց, որ սեպտեմբերից մեկնարկելիք ծրագրով նախատեսվում է մեր երկրում խթանել կրթության որակի ապահովմանն ուղղված քայլերը՝ աջակցալով ոչ միայն ՈԱԱԿ գործունեությանը, այլև ողջ հանրապետությունում մասնագիտական կրթական հաստատություններին։ Մասնագիտական կրթական համակարգի թափանցիկության ապահոման նպատակով բուհերին կօգնեն տեղեկատվական համակարգերի մշակման և ներդրման գործում, կլինեն նաև ուսանողների աջակցության ծրագրեր։
ՈԱԱԿ տնօրեն Ռուբեն Թոփչյանը ներկայացրեց կենտրոնի ներկա գործունեությունը, խնդիրները և նպատակները։ Նա նշեց, որ կարևորելով համագործակցությունը տեղական և միջազգային կառույցների հետ, կենտրոնն արդեն կազմակերպել և մասնակցել է բազմաթիվ հանդիպումների՝ տեղի և միջազգային կառույցների հետ։ Համագործակցության որոշակի եզրեր կան TEMPUS-ի, Բաց հասարակության օժանդակության ինստիտուտի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ։ Կենտրոնը նախանական անդամակցության դիմում է ներկայացրել Որակի ապահոման եվրոպական գործակալությանը, կենտրոնի ներկայացուցիչներն աշխատանքային այցով եղել են Մեծ Բրիտանիայում և Ուկրաինայում։
Գործընկեր կազմակերպությունները և բուհերի ներկայացուցիչները ևս գոհունակություն հայտնեցին ՈԱԱԿ-ի հետ ունեցած հանդիպումներից՝ նշելով, որ ոլորտում խնդիրների՝ չափանիշների և ընթացակարգերի հստակեցման տեսանկյունից բացեր շատ կան, սակայն դրանց լուծման նպատակով առկա է նաև համագործակցության պատրաստակամություն։
Արդյունավետ և օգտակար գնահատելով կազմակերպված այս հանդիպումը ևս՝ մասնակիցները հույս հայտնեցին, որ դրանք այսուհետ պարբերական բնույթ կկրեն, քանի որ ոլորտում իրականացվող քայլերի համաձայնեցումն անհրաժեշտություն է։